Թուրքիայի տնտեսությունը հայտնվել է գրեթե չընդհատվող տուրբուլենտության պայմաններում և դրա, գոնե այս պահին, լավագույն ցուցիչը Թուրքիայի ազգային արժույթի՝ լիրայի պահվածքն է։ Շաբաթվա սկզբին լիրան հաջողեցրեց դոլարի և եվրոյի նկատմամբ արժեզրկվել միանգամից 15 տոկոսով՝ մասնավորապես, ամերիկյան դոլարի դիմաց հաստատվեց 7․97 լիրա փոխարժեքը։ Սա փորձագետներին թույլ տվեց ենթադրել, որ թուրքական արժույթն արդեն չի դիմանում տնտեսության դեմ ծառացած մարտահրավերներին և, ամենայն հավանականությամբ, թուրքական լիրան տարվա երկրորդ կիսամյակում կկորցնի ևս 22%։ Ընդ որում՝ գնահատականները տրվում էին գրեթե առարկություն չընդունող տոնայնությամբ, իսկ որպես հիմնավորում մատնանշվում էր երկրում վարվող դրամավարկային քաղաքականությունը, ավելի ճիշտ՝ այդ քաղաքականությանը Թուրքիայի նախագահի ուղիղ միջամտությունը։
Խնդիրն այն է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանգստյան օրերին աշխատանքից հեռացրել էր Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահ Նասի Աղբալին։ Թուրքիայի նախագահի այս որոշումը պայմանավորված էր հանգամանքով, որ երկրի ԿԲ-ն նախօրեին 200 բազիսային կետով բարձրացրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 19 տոկոս։ Աղբալն այս քայլը հիմնավորել էր նրանով, որ Թուրքիայի արժույթի պաշարները բավարար չեն թուրքական լիրան ապահովելու համար, ինչը, բնականաբար, պիտի հանգեցնի փողի «թանկացմանը», և ԿԲ-ն այլ տարբերակ, քան նման կերպ փորձել տնտեսությունը փրկել գահավիժումից, պարզապես չունի։ Հասկանալի է, որ Թուրքիայի արժութային սակարաններն անմիջապես արձագանքել էին Էրդողանի այս քայլին և կտրուկ ներքև են շպրտել լիրայի փոխարժեքը։
Այնուհանդերձ, փորձագետներն, ինչպես պարզվեց, իրենց գնահատականներում սխալվել էին, քանի որ չափազանց լավատես էին։ Լիրան արժեզրկվում է շատ ավելի արագ, քան կարելի էր ենթադրել շաբաթվա սկզբին, և մտավախություն կա, որ Թուրքիայի տնտեսությունն առաջիկայում կարող է ընդհանրապես փլուզվել: Մտավախության աղբյուրը Եվրամիությունն է, որի գագաթնաժողովը սկսվել է երեկ և կշարունակվի մինչև վաղը։ Լուրեր են պտտվում, որ պաշտոնական Բրյուսելը կարող է ոլորտային պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ։ Մասնավորապես, ԵՄ-ն կարող է արգելել եվրոպական տուրիստական գործակալություններին աշխատել թուրքական տուրիստական ոլորտի հետ, ինչպես նաև ԵՄ քաղաքացիներին կոչ անել չմեկնել Թուրքիա։ Սրան զուգահեռ, եվրոպական պատժամիջոցները կարող են տարածվել Թուրքիայի էներգետիկ ոլորտի վրա, մասնավորապես, կարող է արգելվել այն ընկերությունների կամ անհատների վարկավորումը, որոնք Կիպրոսի տարածքային ջրերում հորատման աշխատանքներ են իրականացնում։ Եթե այս պատժամիջոցների մասին նախնական տեղեկությունները հաստատվեն, ապա Թուրքիայում կարող է իսկական «արժութային սով» ստեղծվել, ինչի հետևանքով Թուրքիայի տնտեսությունն ուղղակի փուլ կգա։ Ընդ որում, այդ անկումը կարող է շատ ավելի խոր և ցավոտ լինել, եթե «խրախճանքին» միանա նաև Վաշինգտոնը, որն Անկարայի հետ սեփական հաշիվներն ունի։ Իսկ եթե ԱՄՆ-ը նույնպես միանա թուրքական «խրախճանքին», ապա գոնե փորձագետների մի մասի պնդմամբ՝ Թուրքիայի տնտեսությունն իր անկումով այնպիսի վիհ կստեղծի, որ տեսանելի ապագայում այդ փոսից դուրս գալ պարզապես չի կարողանա։