Ազգային ժողովը 113 կողմ, 2 ձեռնպահ ձայնով ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը:
Գործող օրենսդրությամբ պայմանագրային զինվորական ծառայության մեջ ներգրավվելու և ծառայելու հնարավորություն չկա մի դեպքում՝ 45 տարեկանից հետո, մյուս դեպքում՝ 40-ից հետո: «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է այդ շեմը բարձրացնել մինչև 63 տարեկանը:
Հիշեցնենք՝ նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Է. Մարուքյանը նշել էր, թե օրենքում փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է այն ժամանակ, երբ իրենց դիմել են պատերազմի մասնակիցներ, ՀՀ քաղաքացիներ, որոնց տարիքը բարձր է 45-ից, սակայն նրանք ունեն պատերազմի մասնակցության, կռվի փորձ, առողջ են, բայց օրենսդրությունն արգելում է ներգրավվել պայմանագրային զինծառայության մեջ:
ԱԺ-ն ընդունեց նաև «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 112 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է միջին մասնագիտական ծրագրով սովորող և պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներին ևս 19 տարեկանը լրանալուց հետո հնարավորություն տալ շարունակելու և ավարտելու ուսումը: