ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում մարտի 25-ին նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությանը։
Իրաքի պաշտպանության նախարարության պատվիրակությանն են ներկայացվել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի առաջարկած մի շարք արտադրանքներ և լուծումներ: Ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները ցուցադրել են հայկական զինատեսակների հնարավորությունները:
Նախարար Արշակյանն ողջունել է իրաքցի գործընկերոջը և նշել, որ այս այցը փաստում է երկու երկների միջև եղած գործընկերային և բարեկամական հարաբերությունները: Արշակյանը պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության և նախարարության իրավասություններին վերաբերվող այլ ոլորտներում։
Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարը նշել է, որ պատվիրակության այցը Հայաստան երկու հիմնական նպատակ է հետապնդում. երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների բարելավում ու զարգացում, ինչպես նաև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացում:
Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ ցանկություն են հայտնել շարունակելու համագործակցությունը, Հակոբ Արշակյանը հատկապես կարևորել է հաջորդիվ կայանալիք Իրաքի ՊՆ աշխատանքային խմբի այցը Հայաստան: