Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որն այս տարի նշվում է «Ժամանակը չի սպասում» կարգախոսով:
Օրվա հիմնական խորհուրդն է համաշխարհային հանրության, գործադիր իշխանությունների, առողջապահական ոլորտի աշխատողների և բնակչության տարբեր խավերի ուշադրությունը հրավիրել տուբերկուլոզի գլոբալ համաճարակին` հիվանդության նոր դեպքերի և մահացության կրճատմանն ուղղված անհրաժեշտ ջանքեր գործադրելով:
Տուբերկուլոզը սոցիալական բնույթի վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը Mycobacterium tuberculosis-ն է: Այն տարածվում է օդային ճանապարհով՝ թոքերի կամ շնչուղիների մանրէազատ տուբերկուլոզով հիվանդ մարդուց, որը հազալիս, խոսելիս կամ փռշտալիս արտազատում է վարակիչ փոքրիկ, 1-5 միկրոն չափերով կաթիլներ, որոնք էլ կարող են օդում մնալ մի քանի ժամ: Երկրագնդի բնակչության մոտ 1/4-ը վարակված է տուբերկուլոզով, և նրանց 1/10-րդի դեպքում կյանքի ընթացքում զարգանում է ակտիվ տուբերկուլոզ:
Տուբերկուլոզի դեմ պայքարը ենթադրում է համալիր միջոցառումների իրականացում, որտեղ առանցքային են կանխարգելումը, հիվանդության վաղ հայտնաբերումը, արդյունավետ բուժումը և հարբժշկական միջոցառումները՝ աջակցելու հիվանդին և ընտանիքին` հիվանդության բուժման երկար, երբեմն մինչև 2 տարի տևողությամբ ճանապարհ անցնելու համար:
Վերջին տարիներին մեր երկրում իրականացված հակատուբերկուլոզային արդյունավետ համալիր միջոցառումների շնորհիվ հնարավոր է դարձել կանգնեցնել և նվազեցնել տուբերկուլոզով հիվանդացության և մահացության աճի տեմպերը՝ 2020 թվականին 100 հազար բնակչի հաշվով գրանցվել է հիվանդության 13.3 դեպք (2010-ի հետ համեմատ նվազել է շուրջ 4 անգամ, իսկ նախորդ տարվա համեմատ՝ 37%-ով):
2020 թվականին մահացության ցուցանիշը կազմել է 1.5 (2010 թվականի համեմատ նվազել է շուրջ 2 անգամ, իսկ նախորդ տարվա համեմատ՝ 1,7%-ով):
ԱՆ-ից հայտնում են՝ 2020 թվականը մարդկության համար լուրջ մարտահրավեր էր պատրաստել: COVID-19-ի` կորոնավիուսային հիվանդության (COVID-19) համավարակը վտանգներ ու սպառնալիքներ առաջացրեց տուբերկուլոզային ծառայությունների իրականացման ճանապարհին՝ համաշխարհային մակարդակով ազդելով տուբերկուլոզային դեպքերի հայտնաբերման, բուժման կազմակերպման վրա:
Մեր փորձը տուբերկուլոզով պացիենտների շրջանում COVID-19 համավարակի վերաբերյալ առայժմ սահմանափակ է, և հնարավոր չէ կանխատեսել հիվանդության ընթացքն ու հնարավոր բոլոր ելքերը:
Սա հիմք է կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու և վարակի ռիսկերը նվազեցնելու նպատակով համալիր միջոցառումների և տեղեկացվածության բարձրացման, ինչպես նաև գիտական հետազոտություններ իրականացնելու համար: