Վերջին օրերին եղանակային պայմանների պատճառով Վերին Լարսի անցակետն աշխատում է շատ մեծ կուտակումներով: Այդ մասին խորհրդարանում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
«700 վարորդները, բնականաբար, ֆիզիկապես գտնվում են տարբեր տարածքներում, և Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչը ցանկության դեպքում էլ հնարավորություն չունի 700 վարորդի հետ էլ հանդիպել:
Ներկայացուցիչը օրը 2-3 անգամ ինձ հետ կապի մեջ է՝ զեկուցում է օպերատիվ իրավիճակը: Նրա դերակատարությունն առհասարակ միության շրջանակում մաքսային համագործակցության որոշակի գործառույթների աջակցությունն է, և եթե մենք պատկերացնում ենք, որ ներկայացուցիչը վարորդներին պետք է սնունդ հասցնի, ապա ամենևին այդպես չէ: Մեր ներկայացուցիչը հնարավորության սահմաններում փորձում է յուրաքանչյուր հայ վարորդի օգնել՝ խնդիրները լուծելու, իսկ թե մեկի սնունդն է վերջացել, մյուսի մոտ՝ գումարը, կարծում եմ՝ հարցը ՊԵԿ-ին ուղղված չէ»,- նշեց Հովհաննիսյանը: