Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ տարածաշրջանում կոմունիկացիայի ապաշրջափակմանը՝ նշելով, որ առաջընթաց կա, բայց այս պահին դեռևս իրականացվում են փորձագիտական բնույթի աշխատանքներ, որոնք շատ կարևոր են հարցին ճիշտ լուծումներ տալու համար:
«Գործում է փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խումբ, մենք մի քանի նիստ ունեցել ենք, գործում են նաև ենթախմբեր՝ թվով երկուսը, որոնցից մեկը փորձագիտական աշխատանքներ է իրականացնում զուտ ենթակառուցվածքների տեխնիկական բնույթի հետ կապված, մյուսը՝ իրավական, մաքսային և նմանատիպ այլ հարցերի հետ կապված: Պլանավորել էինք որոշակի իմաստով դուրս գալ մի զեկույցի մինչև մարտի 1-ը, բայց դա հնարավոր չեղավ, որովհետև ունենք հավելյալ փորձագիտական աշխատանքների անհարաժեշտություն»,- նշեց Գրիգորյանը:
Փոխվարչապետի խոսքով՝ հիմնականում քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների՝ խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը՝ բոլոր հնարավոր ուղղություններով: