Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունները Մոսկվայի «ագրեսիվ գործողությունների» մասին: Նա Դաշինքին կոչ է արել լուծել ի՛ր խնդիրները՝ հաղորդում է ТАСС-ը:
«Զբաղվեք ձեր անդամ երկրների խնդիրներով: Դրանք շտապ միջամտություն են պահանջում. պատվաստումներ, ճգնաժամ, մարդու իրավունքները՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում»,- ասել է դիվանագետը: «Երբ որոշեք, մենք անմիջապես կսկսենք ուսումնասիրել ձեր փորձը: Բայց միայն հաջողվածը»,- ասել է ԱԳՆ խոսնակը:
Ավելի վաղ Ստոլտենբերգը Դաշինքի արտաքին գործերի նախարարների խորհրդի երկօրյա նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել էր, որ Մոսկվան, իբր, «ապակայունացնում է իրավիճակը հարևան երկրներում», շարունակում է մեծացնել ռազմական հզորությունը և «ճնշում է քաղաքական այլախոհությունը»:
Ստոլտենբերգի՝ ավելի վաղ հրապարակված զեկույցում նշված են ՆԱՏՕ-ին սպառնացող հիմնական վտանգները: Դրանք են Ռուսաստանը, ահաբեկչությունը, կիբեռհարձակումները, Չինաստանը և կլիմայի փոփոխությունը: