ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հետևել է պետական մարմինների աշխատակիցների միջև անցկացվող հրաձգության հանրապետական մրցույթի ընթացքին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ծանոթացել է մրցումային պայմաններին, հետևել մասնակիցների ելույթներին և ուրախությամբ նկատել վերջիններիս ոգևորությունը. «Այս մրցույթը ոչ միայն ևս մեկ անգամ փաստում է առողջ ապրելակերպի կարևորությունը, այլև բարելավում է մասնակիցների ֆիզիկական պատրաստվածության մակարդակը՝ այդպիսով նպաստելով անհրաժեշտության դեպքում մեր հայրենիքի պաշտպանությանը պատրաստ լինելուն: Ուրախալի է, որ մրցույթին մասնակցում է պետական մարմինների շուրջ 400 աշխատակից: Բոլորին մաղթում եմ դիտարժան մրցակցություն, թող հաղթեն ուժեղագույնները»:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած հանրապետական մրցույթին մասնակցում է ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմինների, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներից կազմված 58 թիմ: Ընդհանուր 396 մասնակից մրցում է անհատական (տղամարդիկ, կանայք) և թիմային հաշվարկով: Մրցույթն ավարտվելու է մարտի 25-ին:
Անհատական և թիմային հաշվարկում մրցանակակիրները կստանան պարգևներ, հավաստագրեր, մեդալներ և գավաթներ: Բացի դրանից՝ լավագույն արդյունք գրանցած կանայք և տղամարդիկ համապատասխանաբար կստանան օդամղիչ ատրճանակ և օդամղիչ հրացան: