Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի մասնակից, Հայաստանում կալանավորված սիրիացի երկու վարձկան ահաբեկչի դեմ քրեական գործի նախաքննությունն ավարտվում է. շուտով մեղադրական եզրակացությամբ կուղարկվի դատարան: Ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին և Մուհամմադ Ալ Շխերին մեղադրվում են ծանր հանցանքի համար:
Արշակ Մարտիրոսյան, ՀՀ զինդատախազության ՀԿԳ ավագ դատախազ - Նրանց մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կազմում ահաբեկչություն և միջազգային ահաբեկչություն իրականացնելու, պատերազմին որպես վարձկան մասնակցելու, նաև զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական նորմերի լուրջ խախտումների փորձ կատարելու համար:
Այս ծանր հանցագործության համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում մինչև 20 տարի ժամկետով: Հայ իրավապահներին հաջողվել է նախաքննությամբ պարզել մոտ 3 տասնյակից ավելի վարձկանների ինքնությունը: Վարույթ իրականացնող մարմինը, այս դեպքում՝ Քննչական կոմիտեն, որոշել է նշված անձանց ներգրավել որպես մեղադրյալ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:
Արշակ Մարտիրոսյան - Հայտարարվում է միջպետական հետախուզում, տվյալ դեպքում՝ նաև օտար պետությունների համապատասխան իրավասու մարմինների հետ, բնականաբար, իրականացվում է ակտիվ համագործակցություն և տարբեր երկրներ տեղափոխվելու հնարավոր փորձի դեպքում տվյալ անձինք, երբ որ հայտնաբերվեն, ՀՀ պատկան մարմինների ներկայացուցիչները դիմելու են նրանց հանձնման խնդրանքով:
Դատախազի խոսքով՝ քրեական գործով քննություն է կատարվում նաև 44 օրերին ադրբեջանական զինուժի ներկայացուցիչների կողմից խաղաղության, մարդկանց անվտանգության դեմ ուղղված տարբեր հանցագործությունների կատարման հանգամանքների ուղղությամբ: Մի շարք անձանց ոչ իրավաչափ, ապօրինի գործողություններին արդեն տրվել են իրավական գնահատականներ:
Արշակ Մարտիրոսյան - Նախաքննությունը շարունակվում է: Ներկա փուլում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունները՝ տեղի ունեցած պատերազմական հանցագործությունների բոլոր դեպքերը, հանցանք կատարած անձանց ինքնությունը պարզելու և քրեադատավարական պատշաճ ընթացակարգի շրջանակում նրանց արարաքներին իրավական գնահատական տալու առումով:
Իրականացվում է քննություն պատերազմի ընթացքում ու նաև հետո հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման հանգամանքների շուրջ, գերության մեջ գտնվելու ընթացքում նրանց նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի առնչությամբ: Հայրենիք վերադարձած գերիները հարցաքննվել են, տվյալներ հայտնել վարույթ իրականացնող մարմնին: