Սեպտեմբերի 27-ից մտցված ու գրեթե 6 ամիս երկրում պահպանվող ռազմական դրությունն այսօր հանվեց խորհրդարանի որոշմամբ։ ԱԺ 118 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ընդդիմադիր երկու խմբակցության՝ «Լուսավոր Հայաստանի» ու «Բարգավաճ Հայաստանի» ներկայացրած նախագիծը։
Անկախ ռազմական դրությունից սահմանների պաշտպանության հարց կա, այս համատեքստում «Լուսավորն» առաջարկում է բարձրացնել պայմանագրային զինծառայողների համար օրենքով սահմանված տարիքային շեմը՝ 45-ից դարձնելով 63։ Խմբակցության ղեկավարն ասում է՝ իրենց են դիմել պատերազմի մասնակիցներ, ջոկատների անդամներ, ցանկություն հայտնել հետագայում էլ սահման պահել, բայց օրենքը թույլ չի տալիս։
Առաջարկվող տարիքային շեմի՝ 63-ի հետ գործադիրից համաձայն չեն, բացասական եզրակացություն են տվել, չնայած գլխադասային հանձնաժողովը նախագիծը հավանության է արժանացրել։ Մարուքյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում կքննարկեն առաջարկները, կգան ընդհանուր հայտարարի։ Նախագծի արդիականությունը ընդգծեց նաև հարակից զեկուցողը, «Իմ քայլից» Արմեն Խաչատրյանը կոչ արեց կողմ քվերակել։
Օրակարգի մեկ այլ հարցով էլ ընդդիմադիր մյուս խմբակցությունն առաջարկում է խստացնել լրտեսության ու պետական դավաճանության համար նախատեսվող պատիժը։ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը, ըստ «Բարգավաճից» Վահե Էնֆիաջյանի, առաջ է եկել հենց պատերազմի ընթացքում, երբ ԱԱԾ-ն նման դեպքեր բացահայտեց։
Քրօրենսգրքում փոփոխության մեկ այլ նախագիծ էլ դատախազությունն է նախաձեռնել։ Խոսքը լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մասին է։ Արդարադատության նախարորության՝ խստացման առաջարկի ֆոնին անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հիշեց վերջերս՝ լրագրողի ու նախարար Հակոբ Արշակյանի միջև տեղի ունեցած միջադեպը։
Թեման Ուրիխանյանն ամբիոնի մոտ շարունակեց, պնդեց՝ 2018-ին հույսեր էին ստեղծվել, որ այլ իրականության մեջ ենք ապրելու, բայց պարզվեց նախարարը լրագրող է ծեծում, իսկ քաղաքական թիմը դա չի դատապարտում։
Անկախ պատգամավորին իշխող խմբակցությունից Ալեն Սիմոնյանը պատասխանեց։ Հիշեցրեց՝ Արշակյանի պահվածը դատապարտելի է, միջադեպը բարձր մակարդակով քննադատվել է։ Այն շահարկողներին էլ խորհուրդ տվեց ժամանակ չվատնել, ասաց՝ նախկին իշխանության ձեռագրի հետ զուգահեռ անցկացնելու փորձերն անհաջողության են մատնվելու։
Օրակարգի հարցերից մեկն էլ հարկային օրենսգրքին էր վերաբերում։ ՊԵԿ նախագահն առաջարկում է ներդնել օրինապահ հարկ վճարողին խրախուսող մեխանիզմները, ապրիլի 19-ն էլ սահմանել հարկ վճարողի օր։ Հավաստագիր ունեցող բիզնեսը կստանա առավելություններ՝ նշեց գլխավոր հարկահավաքը։
Գործադիրը մշակել ու լիովին նոր տեսքով օրենսդիր է բերել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքը։ Ոլորտային նախարարի խոսքով՝ հաշմանդամության կարգի գաղափարից դուրս են գալու, անցնելու են անձի ֆունկցիոնալության գնահատման մոդելին։ Առաջին, երկրորդ, երրորդ կարգերը փոխարինելու են թեթև, միջին, ծանր, խորը հասկացություններով։
Պատգամավորները կողմ են նախագծին, նկատեցին՝ 1993-ից գործող օրենքը փոխելը կբացառի նաև կոռուպցիոն ռիսկերը, որ եղել են ու կան կարգ ստանալու գործընթացում։
Ըստ նախարարի՝ պատերազմում վիրավորված 1000 քաղաքացու արդեն տրվել է հաշմանդամության կարգ։ Մոտ 500-ը երրորդ կարգ են ստացել, մյուս 500-ն էլ՝ առաջին ու երկրորդ, պրոթեզավորման կարիք ունի 120 անձ։
Խորհրդարանն այսօր նաև Վճռաբեկ դատարանի քաղաքացիական ու վարչական պալատի դատավոր ընտրեց։ Երկրորդ փուլ անցած երկու թեկնածուից 87 կողմ ձայնով ընտրվեց Արսեն Մկրտչյանը։