Օրեր առաջ գրող Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին, ահա, այսպիսի տեսք ուներ: Բայց վանդալների ձեռքը Կոմիտասի անվան պանթեոն էլ հասավ:
Հրաչիկ Վիրաբյան (Կոմիտասի անվան պանթեոնի վարիչ) - Եկա, տեսա՝ ոտքի հետքերը կա, տեսանք՝ արձանի գլուխը չկա:
Հուշարձանի պղծումն առաջինը նկատել են պանթեոնի աշխատակիցներն ու անմիջապես ոստիկանություն ահազանգել: Դեպքը, հավանաբար, գիշերն է եղել:
Հրաչիկ Վիրաբյան - Աշխատողներն էլ չեն իմացել չեն լսել, լսեին՝ կխանգարեին:
Տարածքում տեսախցիկներ չկան: Պանթեոնի մոտ 2 հա տարածքը հսկում է պահակային ծառայության երեք աշխատակից: Պանթեոնի վարիչը հանցագործների ոտնահետքերն է ցույց տալիս, վստահ է՝ սա մեկ հոգու գործ չէ:
Հրաչիկ Վիրաբյան - Ձեռքներից ընկել է թե ինչ, կոտրել են: Հեշտ քանդելու բան չէր, երկաթյա ամրաձողներ պիտի լինի: Գողերը պատրաստված են եղել, հնարավոր չէր լինի ծանր գլուխը հեշտությամբ մի հոգին վերցներ ու տաներ:
Պանթեոնում սա գողության առաջին դեպքն է, բայց նման փորձեր նախկինում էլ են եղել: Մայրաքաղաքի դիմագծի մի մասը դարձած մշակութային գործերը մեկ ամիս է՝ վանդալների թիրախում են:
Հայ բարերարների ճեմուղու 6 հուշարձանն այսօր այսպիսի տեսք ունի: Գողացել են Պողոս Նուբարի, Ալեքսանդր Մանթաշյանցի, Հովհաննես Լազարյանի, Միքայել Արամյանցի, Գալուստ Գյուլբենկյանի ու Ալեք Մանուկյանի հուշարձանների մետաղային հատվածները:
Եվս մեկ դեպք էլ գրանցվեց մարտի 14-ին: «Երևանի 2800-ամյակի» անվան այգուց գողացել էին նավակով տղայի արձանը: Հանցագործներին հետ չէին պահել անգամ այգու տեսախցիկները: Հանցագործները սիրահարների այգում էլ են եղել, գողացել Գևորգ Էմին հուշարձանի մաս կազմող սիամական կատվի արձանիկը: Սա վերջին ամսում հուշարձանների գողության չորրորդ դեպքն է:
Արա Թարվերդյան («Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն) - Նմանատիպ արձաններ այսպիսի ինտենսիվությամբ գողացվեն. նոր երևույթ է: 17 թվականից աշխատում եմ, նման դեպք չեմ հիշում:
Թարվերդյանն իր կառույցի աշխատակիցների հաղորդած տվյալներն է թերթում, փաստում՝ թիրախավորվել են հատկապես Երևանի հուշարձանները: Պղծում են հատկապես քար-մետաղ համակցությամբ մշակութային արժեքները:
Արա Թարվերդյան - Չեմ ուզում հավատալ, որ մշակույթ են ուզում վերացնել, գոնե պատկերացնենք, որ այս ամենը սոցիալական բնույթ ունի:
Պատճառը սոցիալական է թե ոչ, բայց փաստն այն է, որ շատ ակտիվ ոչնչացվում են քաղաքի հուշարձանները, որոնց վերականգնումն ու հին տեսքի բերելն այնքան էլ հեշտ գործ չէ: Քանդակների հեղինակների մի մասն այսօր ողջ չէ: Դրանք հին տեսքի բերելու համար ժամանակ ու միջոցներ կպահանջվեն:
Արա Թարվերդյան - Եկեք նայենք զբոսաշրջիկի աչքերով. գալիս ես մի քաղաք, ուզում ես քաղաքի հայտնիներին, այս ընթացքը չկանխվի՝ ի՞նչ ենք ունենալու. ոչ մի բան:
Ոստիկանությունն արդեն քայլեր ձեռնարկել է, նաև քրեական գործեր են հարուցվել: Իսկ Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրու գողության փաստով նյութեր են նախապատրաստվում: