Մոտ ութ քարշակ է մասնակցում Սուեզի ջրանցքի ծանծաղուտից Ever Given բեռնանավը հանելու և ջրանցքով նավարկությունը վերականգնելու համար: Այդ նպատակով ստիպված են նավը բեռնաթափել: Ըստ Bloomberg-ի տվյալների՝ նավի երկարությունը 400 մետր է՝ Էյֆելյան աշտարակի բարձրությունից ավելի երկար, լայնությունը 59 մետր է, կրողունակությունը՝ մոտ 224 հազար տոննա: Այն Չինաստանից ուղևորվում էր Ռոտերդամ:
Միջադեպի հիմնական պատճառը համարվում է փոթորկի ուղեկցությամբ ավազամրրիկը, ինչի հետևանքով վատթարացել է տեսանելիությունը: Արդյունքում էլ նավը կորցրել է վերահսկողությունը:
Կարմիր ծովը Միջերկրականին կապող Սուեզի ջրանցքը, որի երկարությունը 193 կիլոմետր է, համարվում է աշխարհի ամենածանրաբեռնված ծովային առևտրային ուղիներից մեկը: Այն օգտագործում են Միջին Արևելքից Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա անմշակ նավթ տեղափոխող նավերը: Այս ճանապարհով է անցնում Համաշխարհային առևտրի մոտ 12, հեղուկացված բնական գազի 8%-ը, ինչպես նաև օրական մեկ միլիոն բարել նավթ:
Ըստ Bloomberg-ի՝ առայժմ չի հաջողվում նավը տեղաշարժել, և, մասնագետների կարծիքով, դրա համար մի քանի օր կպահանջվի: