ԱԺ-ում քննարկվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագծի կարգավորման նպատակը հաշմանդամության սահմանման մոդելից ֆունկցիոնալության մոդելի անցումն է, որը հնարավորություն է ընձեռելու իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկելու ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի:
«Օրենքի նպատակը հաշմանդամության գնահատման նոր մոդելի ներդրմամբ անձանց գնահատված կարիքին համարժեք ծառայություններ մատուցելու իրավական հենքի ստեղծումն է: Անցումը ֆունկցիոնալության գնահատման պայմանավորված է նրանով, որ փոխվել է հաշմանդամության վերաբերյալ գաղափարախոսությունը, և նշանակալից տեղ է տրվել միջավայրային գործոններին:
Անձի գնահատման արդյունքում անձը ճանաչվում կամ չի ճանաչվում հաշմանդամություն ունեցող անձ, և որոշվում է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր և խոր՝ ներկայիս սահմանումով հաշմանդամության առաջին, երկրորդ, երրորդ կարգերի փոխարեն»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվելու է էլեկտրոնային համակարգի միջոցով, մասնագետները ռեեստրից պատահականության սկզբունքով կընտրեն էլեկտորնային վիճակահանության արդյունքով ձևավորված գնահատման հանձնաժողովներ, որոնց հիման վրա իրականացվելու է անձի ֆունկցիոնալության գնահատումը: