Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը:
Հիմնական զեկուցող Աննա Կոստանյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է միջին մասնագիտական ծրագրով սովորող և պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներին ևս 19 տարեկանը լրանալուց հետո հնարավորություն տալ շարունակելու և ավարտելու ուսումը:
Գործող օրենքով տարկետման իրավունքը տրվում է հանրակրթական կամ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով սովորողներին, որն, ըստ Աննա Կոստանյանի, խտրական վերաբերմունք է:
Հիմնական զեկուցողը նաև նշեց, որ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ առաջարկվել է նախագծում ներառել դրույթ, ըստ որի՝ վերջին կուրսում սովորողներին զորակոչից առաջ նույնպես հնարավորություն կտրվի ավարտելու ուսումը:
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նշեց, որ հաշվի առնելով զորակոչային խնդիրները՝ Կառավարությունը նախագծին դեմ է և տվել է բացասական եզրակացություն՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով իրականացնել փոփոխություններ վերջին կուրսում սովորողների վերաբերյալ: