Մարտի 19-ին, ժամը 2-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով Նավասարդյան փողոցի 40 և 18 տարեկան երկու բնակիչ են բուժօգնության դիմել, որոնք հայր ու որդի են։ Հայրը գոտկային շրջանում կտրած-ծակած վերքով էր հիվանդանոց տեղափոխվել, որդին՝ կրծքավանդակի սալջարդով։
Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից ժամեր անց հանցագործությունը բացահայտվել է: Քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ Էջմիածնի Նավասարդյան փողոցում ծագած վեճի ժամանակ տուժողներին ծեծել են Էջմիածին քաղաքի 18 և 21 տարեկան երկու բնակիչ, և հենց 18 տարեկան երիտասարդն էր դանակահարել 40-ամյա տղամարդուն։
Կասկածվողը նույն օրը Էջմիածնի Բաղրամյան փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նա ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: