Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Հայկյանցը խորհրդարանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ Վճռաբեկ դատարանի դատավորի նախորդ ընտրությանը, որի ժամանակ «Իմ քայլը» որոշեց չմասնակցել քվեարկությանը:
Հայկյանցը նշեց, որ Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության ընթացակարգը սկսում է դատավորներին ներկայացնող իրավասու անձի ելույթով:
«Ի՞նչ նպատակ է հետապնդում օրենսդիրն այս ընթացակարգային քայլը նախատեսելով: Ո՞վ է այն իրավասու անձը, ո՞վ պետք է ներկայացնի դատավորներին: Բնականաբար, դա այն անձն է, ով ի պաշտոնե շատ լավ է ճանաչում դատավորներին, դատավորների թեկնածուներին և իր ելույթով, հետագայում նաև հարցուպատասխանի ընթացքում պետք է օգնի պատգամավորներին՝ առավել ճանաչելու Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին և այդքանով կատարելու առավել ճիշտ ընտրություն՝ ելնելով արժանավորության սկզբունքից: Եվ որևէ այլ դերային գործառույթ, քան դատավորի թեկնածուներին ներկայացնելը և նրանց վերաբերյալ ճանաչողության սահմանների ընդլայնումը, ներկայացնելու իրավասություն ունեցող անձն ուղղակի չուներ»,- նշեց Հայկյանցը:
Առաջին փուլում ներկայացումից հետո առաջադրված հարցերի շրջանակը մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ մենք, ըստ էության, դուրս եկանք այդ ընթացակարգային կարգավորումից, այն ուղեծրից, որը նախատեսում էր օրենսդիրը՝ նշեց Հայկյանցը:
«Ուղեծիրն ընդամենը մեկն էր. թեկնածուներին ներկայացնող իրավասու անձը ընդամենը պետք է կատարեր նման գործառույթ: Ես չեմ ժխտում, որ բարձրացված հարցերը կարևոր չեն պետության համար, բայց կարևոր հարցերը պետք է քննարկվեն օրենսդրորեն նախատեսված ընթացակարգի շրջանակում: Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության համար նախատեսված ընթացակարգ նման կարևորության հարցերի համար նախատեսված չէր»,- նշեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն: