Վենետիկի հանձնաժողովն իր վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցը և ներկայացնել եզրակացություն, եթե հիշողությունս չի դավաճանում, մինչև ապրիլի 20-ը: Նախնական կարծիք Վենետիկի հանձնաժողովը չի հայտնել:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով՝ պետության ինքնիշխան իրավունքն է իր օրենսդրության մեջ, օրենքով և Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով, իրականացնել ցանկացած փոփոխություն, և Վենետիկի հանձնաժողովը սովորաբար ուղարկում է այն փաթեթները, որոնք ունեն այնպիսի հնչեղություն և այնպիսի կարևորություն, երբ անհրաժեշտ է ստուգել դրանց համաչափությունը, համապատասխանությունը եվրոպական չափորոշիչներին, և պետությունները պարբերաբար դիմում են Վենետիկի հանձնաժողովին խորհրդատվական կարծիք ստանալու համար:
«Կլինի կարծիք, կարծիքից հետո կխոսենք: Վենետիկի հանձնաժողովը՝ որպես Եվրոպայի խորհրդի իրավական հարցերով առավել փորձառու մարմին, ստեղծվել է հատուկ իրավունքի միջոցով ժողովրդավարությունն ապահովելու համար, և հիմքեր՝ չվստահելու Վենետիկի հանձնաժողովին, չպետք է ունենանք: Ի վերջո, ընտրությունը միշտ անցնում է այն ԸՕ-ով, որը գործում է: Եթե այդ ժամանակ ընդունված լինի, ուժի մեջ մտած լինի Ընտրական օրենսգիրք՝ որևիցե փոփոխությամբ, ապա այդ ԸՕ-ով էլ գնալու ենք ընտրության»,- ասաց Վարդանյանը:
Նրա խոսքով՝ չկա համաեվրոպական կոնսենսուս, թե որ ընտրական համակարգն է իդեալական, կան առավել կամ քիչ հիմնավոր ընտրական համակարգեր, որոնք արտացոլում են ժողովրդի քվեն կամ ընտրական կարծիքը: «Պետք է ասեմ, որ Վենետիկի հանձնաժողովը բազմիցս քննադատել է մեծամասնական ընտրակարգը, իսկ համամասնական ընտրակարգի առանձնահատկությունների վերաբերյալ կրկին տարբեր դիրքորոշումներ է արտահայտել՝ ելնելով տարբեր երկրների պրակտիկայից:
Ինչ վերաբերում է համամասնական ընտրակարգին, նախ՝ պետք է հիշենք հետևյալը. ռեյտինգային ընտրակարգը, ըստ էության, համամասնական ընտրակարգի բաղկացուցիչ մաս է: Դրանք վերաբերում են ոչ այնքան միջկուսակցական պայքարին, որքան ներկուսակցական պայքարին: Ի վերջո, կուսակցությանը ոչինչ չի խանգարում, որպեսզի փրայմերիզների կամ ներկուսակցական քվեարկության միջոցով որոշվի, թե որ թեկնածուն ցուցակում որ համարն է զբաղեցնում: Այսինքն՝ այն, ինչ մենք անվանում ենք «ռեյտինգ», միջկուսակցական պայքարի խնդրին բացարձակապես չի առնչվում, բոլոր դեպքերում առնչվում է ներկուսակցական պայքարին:
Ես առաջնորդվում եմ նախընտրական ծրագրերով, Կառավարության ծրագրով, այն հանձնարարություններով, որոնք տվել է և՛ «Իմ քայլը» դաշինքը ընտրությունների ժամանակ, և՛ Կառավարությունն արտացոլել է իր ծրագրերում, և՛ տարբեր խորհրդարականական խմբակցություններ ևս արտահայտել են այն մոտեցումը, որ պարզ համամասնական ընտրակարգը գերադասելի է բարդ համամասնական ընտրակարգից: Ընտրակարգը՝ որպես այդպիսին, որևիցե եղանակով չի կարողանալու ազդել որևէ արդյունքի վրա»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ բազմաթիվ հարցերի պատասխաններ պարզ կլինեն միայն Վենետիկի հանձնաժողովի կարծիքից հետո: