Ուզում ես երջանիկ լինել՝ երջանկացրու՝ հորդորում է «Բարության տնակի» կարգախոսը: Պատերազմի ժամանակ ու դրանից հետո շատերին, որպես կամավորների շտաբ ծանոթ այս տարածքում, աշխատանքի ծավալը փոքրացել է, սկզբունքը մնացել նույնը. հաստատ կա մեկը, ով հենց քո օգնության կարիքն ունի:
Սամվել Բադալյան, Be happy ծրագրի Արմմոնիթորինգ կազմակերպության տնօրեն - Ով ինչով կարող է օժանդակել՝ բացի ֆինանսից, հագուստ-սնունդ, բերում տալիս են, և մենք բաժանում ենք կարիքավորներին:
Ամիսներ առաջ, եթե շահառուների մեծ մասն արցախցի էր, հիմա, առավելապես, սոցիալապես անապահով հայաստանյան ընտանիքներն են: Որ օգնությունն աննկատ տեղ հասնի, մեկ ամիս առաջ ծառերին ԲԻ ՀԵՓԻ պարկեր են փակցրել, հագուստն ու կոշիկը դրանց մեջ են դնում, ով կարիք ունի՝ վերցնում է: Կեսօրն անց՝ տոպրակների մեծ մասն արդեն դատարկ էր:
Պարկը դատարկ երկար չի մնա: «Արևատան» սոցցանցային հայտարարությամբ, թե առանց դրա, մարդիկ, ով ինչ կարող է, բերում է: Միակ պայմանը, որ օգտագործված իրերը լավ վիճակում լինեն:
Օգնություն բերելու համար «Բարության տնակ» կարելի է այցելել կիրակիից բացի ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև երեկոյան 18:00-ն: Օգնություն ստացողները՝ հատկապես մարզերից, նախապես են ճշտում, թե որ ապրանքի դեպքում երբ մոտենան:
Վարդուհի Թովմասյան, «Բարության տնակ» նախաձեռնության մասնակից - Զանգահարում են, տարիք-տվյալներ են փոխանցում: Եթե հարմար է, գալիս տանում են, եթե ոչ, մենք ենք ուղարկում:
Ո՞վ է իրենց երջանկացրել՝ արցախցի բազմազավակ այս ընտանիքները կիմանան հագուստի հետ դրված բացիկից: Ջիվանը, Մանեն, Էլենը հերթով ստացան իրենց չափսի իրերով նախապես պատրաստված տոպրակները:
Նվերն ինչ էլ լինի, սոցիալական մի հոգս կթեթևացնի՝ վստահ է մոտ 5 ամիս առաջ լրիվ ուրիշ կյանքով՝ հարազատ Քաշաթաղի Գանձայում ապրող, գյուղապետի կին ու դպրոցի տնօրեն Հերմինեն: 7 երեխայի հետ այժմ Երևանում բնակվում է պետության հատկացրած կացարանում:
Հերմինե Հովհաննիսյան - Մեծը 16 տարեկան է, փոքրը՝ 4 տարեկան, 7 երեխա են, մեկը տանն է, մնացածը հաճախում են դպրոց, քիչ-քիչ հաղթահարում ենք դժվարությունները:
«Բարության տնակն», ի դեպ, հասցրել է փոխել նաև Կոմայգու միջավայրը: Հրթիռը նույնպես տարածքում Բի ՀԵՓԻ ծրագրով է կանգնեցվել. երեխաների համար Ամանորին՝ տոնածառի փոխարեն: Այն դեռ լիցքավորում են բարեգործություն անողների երազանքի երկտողերով. հսկիչն Արջուկն է: