Տիգրանի շապիկին Կարմիր Շուկայի պաշտպանության ընթացքում զոհված հոր՝ Արթուր Գասպարյանի պատկերն է: Հարազատների հետ եկել է դիմավորելու նորածին քրոջը:
Հասմիկ Գասպարյան (Արթուր Գասպարյանի մայրը) - Շատ սպասված բալիկ է, ափսոս, որ իմ որդին չտեսավ իր բալիկին:
Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում Գասպարյանների ընտանիքը մեծ զրկանքների միջով է անցել: Նրանց աչքերում թախիծ է, բայց նաև ուրախություն: Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տաթևը, եկել են տուն տանեն:
Մարինե Գասպարյան (Արթուր Գասպարյանի կինը) - Կյանքիս մյուս կեսը կնվիրեմ նրանց: Դա մեծ պատիվ է, դա հոգս չէ, պարտականություն չէ ինձ համար, դա ուղղակի պատիվ է:
Հանուն երեխաների պետք է սրբել արցունքներն ու արարել: Արարել Արցախում, որի հողը նահատակված տղաների արյամբ է սրբացած: Մարինեն ասում է՝ հոր սխրանքների մասին Տիգրանին պատմում է ամեն օր: Ի՞նչ աներ, եթե հայրենիքը վտանգի մեջ էր:
Մարինե Գասպարյան - Ես հույսս չեմ կտրում, որովհետև երկու բալիկների մայր եմ ու հերոսի կին: Պարտավոր եմ դաստիարակել նրա պես հերոս զավակների:
Հայրենիքի փրկության կանչով նաև Մարինեի եղբայրն է մեկնել ռազմաճակատ: 20-այմա երիտասարդից առայժմ լուր չկա: Աչքը ճանապարհից չթեքող մայրը վստահ է՝ կվերադառնա: Մինչ այդ, սակայն, թաքցնում է վիշտը, որ երեխաներն ուրախ լինեն:
Իրա Գրիգորյան - Ուզում ենք ամեն ինչ թաքցնել, որ նորածնի մորը՝ իմ դստերը, ուրախացնենք, որպեսզի այդ փոքրիկ բալիկները լավ մթնոլորտում մեծանան:
Իսկ նորածնին կոչել են Տաթև. հոր ցանկությունն էր, որոշել էին 44-օրյա պատերազմից առաջ: