Արցախի քննչական կոմիտեն հերքում է սոցցանցերում շրջանառվող վարկածը, թե, իբր, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի բնակիչ Վրեժ Ալբերտի Պողոսյանը ադրբեջանցի դիվերսանտների զոհ է դարձել:
Հիշեցնենք՝ մարտի 20-ին Արցախի ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ Վրեժ Ալբերտի Պողոսյանը նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել:
Հաջորդ օրը Արցախի ոստիկանության ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում Կարմիր Շուկա համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է նրա ինքնահրկիզված դին:
Մասիս Տեր-Թարխանյան (Արցախի ՔԿ տարածքային վարչության երկրորդ քննչական բաժնի պետ) - Անդրադառնալով սոցիալական ցանցերում Վրեժ Պողոսյանի դիակի հայտնաբերման վերաբերյալ տեղ գտած ոչ պաշտոնական հաղորդագրություններին և տեղեկություններին՝ վարույթն իրականացնող մարմինն անհրաժեշտ է համարում փաստել, որ քրեական գործի նախաքննության ընթացքում այդպիսի տեղեկություններ և փաստական հանգամանքներ ձեռք չեն բերվել, այսինքն՝ նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: