Մեքենայի հայելին կամ լույսերը թողած՝ գողերը սկսել են թանկարժեք ավտոների հիմա էլ համարանիշը հանել: Ընդ որում՝ տանում են՝ երկուսը միասին. մայրաքաղաքում դա տարածված հանցանք է դարձել՝ ահազանգում է Երևանի դատախազը:
Սևակ Հովհաննիսյան (Երևան քաղաքի դատախազ) - Ամեն օր առնվազն մի քանի այդպիսի դեպքեր ունենք:
Պետհամարանիշը վերականգնել, նույնիսկ եթե դա, այսպես ասած, գոլդ է՝ մի քանի միլինոնանոց, նույնիսկ տուգանքի դիմաց՝ վարորդը չի կարող: Ճանապարհային ոստիկանությունն այն չի տալիս, որ նույն համարով երկու տարբեր մեքենա չերթևեկի: Մնում է՝ գողացածը գտնել: Այստեղ, սակայն, փակուղային իրավիճակ է, քանի որ օրենքը պետհամարանիշը նյութական արժեք չի համարում:
Սևակ Հովհաննիսյան - Մենք շատ դեպքերում, եթե չենք ունենում հափշտակությունից հետո պահանջ, չենք էլ կարողանում գործ հարուցել. պետհամարանիշը իրենից արժեք չի ներկայացնում:
Պահանջ ասելով՝ Երևանի դատախազը նկատի ունի համարանիշը հափշտակողի բուն նպատակը. այն է՝ դրա դիմաց մեքենայատիրոջից գումար շորթելը: Գողերը, ի դեպ, այստեղ էլ բավական խելացի՝ անորսալի մեխանիզմներով են գործում:
Սևակ Հովհաննիսյան - Հիմնական նպատակը դրա դիմաց գումար կամ նյութական արժեք ստանալն է, քանի որ սեփականատիրոջը կա՛մ գրություն է թողնում, կա՛մ տելեգրամ ալիքներով հաղորդագրություն: Խնդիրն ահագնացող է, և դրա վերաբերյալ դատախազությունը, իր բոլոր օղակներով, սկսել է գործել:
Սևակ Հովհաննիսյանն ինքը գլխավոր դատախազին արդեն զեկուցագիր է ներկայացրել Քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածում՝ փաստաթղթի, դրոշմի, կնիքի հափշտակության շարքում, պետհամարանիշն ավելացնելու վերաբերյալ:
Սևակ Հովհաննիսյան - Առաջարկում ենք այստեղ ընդգրկել նաև պետհարամանիշը, որ կարողանանք գոնե քրեական գործ հարուցել:
Խնդրի միջանկյալ տարբերակով քննարկվում է համարանիշի համար վճարած պետտուրքի 12 հազար դրամը վնաս որակելով քրեական գործ հարուցելը:
Դեպքերն իրոք շատ են. անցած տարի 300-ից ավելի, այն դեպքում, երբ Երևանում բնակարանային գողությունների թիվը, օրինակ, 2020 թ. կրճատվել՝ իջել է 590-ի, 2019-ին՝ 859 դեպք:
Կորոնայի լոքդաունի պատճառով մարդիկ շատ տանն են եղել՝ հանցագործը ռիսկ չի արել մտնել. բայց դատախազ Հովհաննիսյանը վստահ է՝ դեպքերի պակասելն ուղղակիորեն կապված է նաև բազմաբնակարան շենքերում ամուր փակվող դռներ տեղադրելու հետ:
Սևակ Հովհաննիսյան - Ամենաշատը այս ընթացքում կոդավորված փականներ տեղադրված է կենտրոնում՝ 1493-ն են:
Երևանում ընդհանուր 12 660 բազմաբնակարան կա, որից կոդավորված փականով դուռ ունի 4 332-ը, կողպվող-ապահով չէ 8 131 շենքի մուտք: 197 բազմաբնակարան շենք առհասարակ դուռ չունի: Այս վիճակագրությունը, ամեն կողոպուտից հետո, դատախազներն ուղարկում են մայրաքաղաքի պատասխանատուներին: Հիշեցնում՝ առանց այդ էլ սովորաբար գիշերը, առանց ականատեսի, գլխարկ-ձեռնոց հագած հանցագործի կողմից բնակարանից ոսկու, փողի կամ այլ իրերի գողությունը շատ դժվար է բացահայտվում:
Որքան էլ քողարկված՝ վերջին խոշոր՝ փոխանակման կետից՝ ըստ որոշ լուրերի՝ 50 մլն դրամ գողանալու դեպքն արդեն բացահայտվել է:
Սևակ Հովհաննիսյան - Ավազակային հարձակումն արդեն բացահայտված է, հանցանք կատարած անձինք՝ ձերբակալված:
Իրավապահներն արձանագրում են. բնակչության սոցիալական վիճակը որքան վատանում՝ վճարային տերմինալի թե մեքենայի գողությունները շատանում են: