Կառավարության վաղվա նիստում քննարկվելու է մրցույթներում որակավորման ապահովման միջոցների, բանկային երաշխիքների չափաքանակի, լիկվիդայնության ապահովման փաթեթների հարցը՝ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
«Նախագծով նախատեսվում է Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության ինտենսիվ աշխատանքի շնորհիվ 100 տոկոսանոց բանկային երաշխիքի փոխարեն մինչև 25 միլիոն դրամ պայմանագրերի դեպքում կիրառել 15 տոկոսանոց տուժանք: 25 միլիոնից մինչև 70 միլիոն դրամ պայմանագրերի դեպքում կիրառվելու է 15 տոկոսանոց բանկային երաշխիք կամ ապահովագրական ընկերության կողմից տրված երաշխավորություն: 70 միլիոն դրամ և ավելի պայմանագրերի դեպքում կիրառվելու է 30 տոկոս բանկային երաշխիք»,- ասաց Ավինյանը:
Ընկերությունները, որոնք ռեյտինգավորված կլինեն միջազգային խոշոր վարկանիշային ընկերությունների կողմից՝ համահունչ ռիսկայնություն կունենան ՀՀ-ի հետ և այդ ընթացակարգով բանկային երաշխիք տրամադրելու կարիք չեն ունենա:
«Եվս մեկ կարևոր փոփոխություն լիկվիդայնության խթանման հետ կապված: Մենք այս տարվա պայմանագրերի կանխավճարների չափը դարձնում ենք մինչև 50 տոկոս: Այսինքն՝ ընկերությունները հնարավորություն են ունենալու ստանալ մինչև 50 տոկոս կանխավճարներ, որպեսզի հետքովիդյան և տնտեսական ճգտնաժամի տարում ևս մի խթան լինի ընկերությունների համար, ֆինանսական աջակցություն լինի: Հաջորդ տարվանից մինչև 30 տոկոս է այդ թիվը դառնում»,- ասաց Ավինյանը: