Խորհրդարանը քննարկեց Հարկային օրենսգրքում և «Տոների և հիշատակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ, իրականացնել հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ, որի նպատակն է խթանել հարկային մարմին-հարկ վճարող հարաբերությունները: Նրա խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ:
«Ներկայումս օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունենալու հանգամանքը հաշվի է առնվում միայն բանկային համակարգի կողմից՝ վարկ ստանալու համար դիմելիս հարկ վճարողի օգտին հաշվի առնելու նպատակով: Միաժամանակ՝ օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը գործարար համբավը բնութագրող գործիք է, և այլ հավասար պայմաններում վերջիններիս մրցակցային առավելություն է տրամադրում:
Նախագծով առաջարկվում է օրինապահ հարկ վճարողներին տրամադրել վարչարարության իրականացման մի շարք բարենպաստ պայմաններ: Նախագծի ընդունումից հետո Կառավարության կողմից կսահմանվեն օրինապահ հարկ վճարող համարվելու չափանիշները և հավաստագրի տրամադրման կարգը»,- ասաց Հովհաննիսյանը:
Իսկ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում նախագծով նախատեսվում է սահմանել Հարկ վճարողի օր՝ հաշվի առնելով պետբյուջեում եկամուտների ծավալում հարկերի գերակշիռ ազդեցությունը:
«Առաջարկում ենք ապրիլի 19-ը՝ որպես ՀՀ-ում առաջին հարկային օրենքի ընդունման օր, սահմանել Հարկ վճարողի օր: Նշված օրն իր ազդեցությունը կունենա հարկային մարմին-հարկ վճարող հարաբերությունների մերձեցման կամ այլ որոշակի ծառայությունների մատուցման կոնտեքստով»,- նշեց Հովհաննիսյանը: