ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ Հայաստանի թատերական գործիչների միությունը մարտի 27-ին՝ ժամը 19։00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացնի «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը: Հոբելյանական 20-րդ մրցանակաբաշխությունը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին:
Մրցանակներ կհանձնվեն 14 անվանակարգում: Կտրվեն նաև Երվանդ Ղազանչյանի անվան հատուկ և «Թատրոնին անբասիր ծառայության համար» մրցանակները:
Փորձագետների կազմում են դրամատուրգ, «Գրական թերթ» և «Դրամատուրգիա» ամսագրերի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը, ԵԹԿՊԻ-ի թատերական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, Երևանի կամերային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լուսինե Երնջակյանը, թատերական և կինոբեմադրիչ Արամ Շահբազյանը:
Համավարակով պայմանավորված՝ 2020 թվականին նախատեսված մրցանակաբաշխությունը հետաձգվել էր, այս տարի կամփոփվեն վերջին երկու թատերաշրջանների աշխատանքները։
Հիշեցնենք, որ ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն ավանդաբար անցկացվում է Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին. այդ օրն ի մի են բերվում նախորդ տարվա կատարված աշխատանքները: «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թվականին: Սկզբում մրցանակ է տրվել միայն «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» անվանակարգում, իսկ 1999 թվականից սկսած անվանակարգերի թիվն ավելացել է: Առաջին մրցանակակիրներն էին Գոհար Գասպարյանը, Սոս Սարգսյանը, Տիգրան Լևոնյանը, Վարդուհի Վարդերեսյանը։