Խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացրել փոխել ընտրական օրենսգիրքը և արտահերթի գնալ փակ համամասնական ընտրակարգով: Խորհրդարանի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով՝ այդ եզրահանգմանն են եկել արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում, նաև հաշվի է առնվել նախկինում իրենց ստանձնած հանձնառությունը:
Փաշինյանի պնդմամբ՝ խորհրդարանական խմբակցությունների հետ հանդիպումների ընթացքում արձանագրվել է, որ արտահերթ ընտրություններից առաջ ընտրակարգի փոփոխության հարցը թողնվելու է իշխանության հայեցողությանը: Ընտրական օրենսգրքի փոփոխման հարցը, վարչապետի պնդմամբ, պայմանավորվածությունների մաս չի եղել:
Ընտրական օրենսգրքի փոփոխմանը դեմ է «Լուսավոր Հայաստանը»: Խմբակցությունից հիմնավորում են՝ ընտրություններից առաջ խաղի կանոնները փոխելն անընդունելի է: Նրանց գնահատմամբ, եթե իշխանությունը նման քայլի գնա, կխախտի արտահերթի շուրջ քաղաքական ուժերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը: Փաշինյանի հայտարարությանը հակադարձեց «Լուսավորից» Գևորգ Գորգիսյանը: Ասաց՝ մշտապես հայտարարել են՝ պատրաստ են ընտրության գնալ ցանկացած ընտրակարգով, սակայն հիշեցրեց՝ իշխանությունը խոստացել է ընտրական օրենսգիրքը չփոխել առանց ընդդիմության հետ կոնսենսուսի:
Սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում բացառվում է, որ իշխանությունը որևէ լծակ օգտագործի, կեղծի ընտրության արդյունքները: Ընդդիմադիրների հարցերին ի պատասխան նման խոստում տվեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Ազատ և արդար ընտրություններ կազմակերպելու հարցը Երեկ Փաշինյանը քննարկել է նաև նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Պատգամավոր Արման Բաբաջանյանը խնդրեց հանդիպումից մանրամասներ ներկայացնել:
Խորհրդարանի փոխխոսնակը Փաշինյանին խնդրեց պարզաբանել այս օրերին մամուլում շրջանառվող ՍՈՒ-30 ՍՄ ինքնաթիռներին առնչվող իր՝ տարբեր ժամանակներում արված երկու հայտարարությունները, որոնք, ըստ որոշ պնդումների, միմյանց հակասում են: Վարչապետը պնդեց, որ այդ հայտարարությունների միջև հակասություն չկա: նա նաև հավելեց՝ ինքնաթիռներ և տարբեր հրթիռներ արտադրողները նույն սուբյեկտները չեն, այսինքն` դրանք նույն տեղում չեն արտադրվում:
Պատերազմից հետո ռազմաքաղաքական վիճակը տարածաշրջանում փոխվել է՝ ամբիոնից հայտարարեց ռազմական գերատեսչության ղեկավար Վաղարշակ Հարությունյանը:Ասաց՝ թուրք-ադրբեջանական բանակի սպառնալիքը կանխելու համար հայկական բանակի կառուցվածքը, հայ-ռուսական հարաբերությունները պետք է համապատասխանեցվեն ստեղծված սպառնալիքին: «Լուսավոր Հայաստանից» Հարություն Բաբայանը խնդրեց անդրադառնալ նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակին:
Ի՞նչ փուլում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ ստեղծված աշխատանքային խմբի քննարկումները: Առաջընթաց կա, բայց այս պահին դեռևս իրականացվում են փորձագիտական բնույթի աշխատանքներ՝ մանրամասնեց Մհեր Գրիգորյանը՝ շարունակելով՝ դրանք կարևոր են հարցին ճիշտ լուծումներ տալու համար: Փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբը մի քանի նիստ արդեն անցկացրել է:
Պատգամավորը խնդրեց հստակեցնել՝ կոնկրետ ի՞նչ ենթակառուցվածքների մասին է խոսքը, հիշեցրեց՝ արդեն քարտեզներ են հրապարակվում:
Արտաքին գործերի նախարարն էլ տեղեկացրեց՝ վրացական կողմի հետ այժմ քննարկվում է հայ-վրացական ցամաքային սահմանը բացելու հարցը: Կողմերը, ըստ նախարարի, դրական են տրամադրված: