Մարտի 24-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Աուրնի Տոր Սիգուրդսոնին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Շնորհավորելով Աուրնի Տոր Սիգուրդսոնին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իսլանդական երկկողմ փոխգործակցությանը` այդ համատեքստում մասնավորապես ընդգծելով քաղաքական երկխոսությունների մեկնարկի կարևորությունը:
Կողմերն անդրադարձ են կատարել ԼՂ հակամարտությանը՝ կարևորելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը։ Երկուստեք կարևորվել է ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծումը և հումանիտար իրավիճակի կարգավորումը։
Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխադարձ պատրաստակամությունը:
Մտքեր են փոխանակվել էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության շուրջ: