Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի պետական վերահսկողության տակ գտնվող և իշխանամերձ լրատվամիջոցներին մեղադրել է կեղծ լուրեր հրապարակելու համար՝ գրում է ermenihaber-ը:
«France 5» հեռուստաընկերության հետ հարցազրույցում նա մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան կփորձի ազդել Ֆրանսիայում 2022 թ. տեղի ունենալիք ընտրությունների արդյունքների վրա, ինչն անընդունելի է:
Մակրոնը նաև ընդունել է, որ Ֆրանսիան Թուրքիային համարում է կարևոր գործընկեր անվտանգության ու միգրացիայի ոլորտներում և Անկարայից հարաբերությունները կարգավորելու ազդակներ է նկատում։
Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ դաշնակիցները, սովորաբար, միմյանց նկատմամբ թույլ չեն տալիս այնպիսի քայլեր, ինչպիսիք արել է Թուրքիան՝ զինյալների և սպառազինության տեղակայում Լիբիայում ու «ոչ բարեկամական գործողություններ Արևելյան Միջերկրականում»:
Անկարայի և Փարիզի միջև դիվանագիտական լարվածությունն առաջացել էր, երբ ֆրանսիական Charlie Hebdօ ամսագիրը հրապարակել էր Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները, Ֆրանսիայի նախագահն էլ դա որակել էր որպես խոսքի ազատություն։ Սրան ի պատասխան՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Մակրոնը հոգեբույժի կարիք ունի՝ մուսուլմանների հանդեպ իր վերաբերմունքի համար։ Էրդողանին բարկացրել էր նաև Մակրոնի այն հայտարարությունը, որ անհրաժեշտ է Մուսուլմանների խորհրդի հետ հիմնել կազմակերպություն, որը կօգնի ստեղծել «լուսավորչական իսլամ»։