Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելը և Եվրահանձնաժողովը մարտի 25-26-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովից առաջ Թուրքիայի վերաբերյալ զեկույց են պատրաստել, ինչն էլ քննարկման առարկա է դարձել թուրքական մամուլում՝ տեղեկացնում է ermenihaber-ը:
Զեկույցում նշվում է, որ ԵՄ անդամության թեկնածու երկիր Թուրքիայի հետ ավելի խորքային առևտրային կապեր հաստատելու նպատակով պետք է բանակցություններ սկսել:
Նաև շեշտվում է, որ սիրիացի փախստականներին ապաստան տրամադրելու համար Թուրքիային ավելի շատ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, դեպի ԵՄ վիզային ռեժիմը վերացնելու, ավելի բարձր մակարդակի դիվանագիտական շփումներ հաստատելու և ընդլայնված շրջանակով մաքսային միությանը միանալու համար Թուրքիան պետք է հարգի մարդու իրավունքները և ավելի ճկուն լինի (զիջումների գնա) Կիպրոսում և Արևելյան Միջերկրականում հիդրոկարբոնային պաշարների իրավունքների հարցում»,-ասվում է զեկույցում:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ զեկույցի տեքստը «լի է շանտաժներով»: Ընդ որում՝ ԵՄ-ն չի սահմանափակվում միայն հիշյալ «սպառնալիքներով», այլ դիմում է Թուրքիայի դեմ ճնշումներ գործադրելու համար «պատժամիջոցային շանտաժի»:
Բրյուսելը զգուշացրել է, որ եթե պաշտոնական Անկարայի քայլերը հակասեն ԵՄ-ի շահերին, Թուրքիայի դեմ կկիրառվեն տնտեսական պատժամիջոցներ:
Թուրքական մամուլը ենթադրում է, որ քննարկվող պատժամիջոցները կլինեն փոքրամասշտաբ, և, հավանաբար, դրանք կներառեն միայն էներգետիկայի ու զբոսաշրջության ոլորտի անձանց: