Ազգային ժողովը 6 ամսով երկարաձգեց «Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի` համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը: ԱԺ որոշման նախագծին կողմ էր 117, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Նշենք՝ նախորդ նիստում ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով, ինչպես նաև պետական համակարգի գերծանրաբեռնվածության պայմաններում հնարավոր չի եղել ապահովել հանձնաժողովի բնականոն գործունեությունը:
Արկադի Խաչատրյանը համոզված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու դեպքում, եթե անգամ Քննիչ հանձնաժողովը չհասցնի ամբողջապես ավարտել գործունեությունը, կատարված աշխատանքը կարող է օգտագործել հաջորդ խորհրդարանի համապատասխան քննիչ հանձնաժողովը: