Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդի հինգ անդամների ստորագրությունը կրող նամակն ուղարկվել է Կապիտոլիում։ Հասցեատերը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերի հանձնախմբի անդամներն են։ Լոս Անջելեսի մարզի կառավարիչները նամակում նշել են, որ միանում են կոնգրեսականների նախաձեռնությանն ու Ադրբեջանից պահանջում անհապաղ ազատ արձակել գերեվարված հայ զինվորներին և խաղաղ բնակիչներին:
Քեթրին Բարգեր (Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդի անդամ) - Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդի բոլոր անդամների ստորագրությամբ նամակով աջակցում ենք կոնգրեսականների 240-րդ բանաձևին, որով նրանք պահանջում են ազատել մոտ երկու հարյուր գերիներին՝ զինվորական և քաղաքացիական անձանց։ Մենք միանում ենք այդ պահանջին: Ադրբեջանցի պաշտոնյաները պետք է տեղյակ լինեն, որ իրենք միջազգային օրենսդրության տեսակետից պատասխանատու են այդ հարցում։
Լոս Անջելեսի տեղական ինքնակառավարման մեկ այլ օղակում՝ Բրբենքի քաղաքային խորհրդում, նույնպես օրերս նշանակալից փաստաթուղթ ընդունվեց: Խորհուրդը չեղարկեց Հադրութ-Բրբենք քույր քաղաքների ծրագիրը։ Այն մեկնարկել էր 2014 թվականին։ Բանաձևում ասվում է, որ Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիայի ընթացքում Հադրութ քաղաքը զգալի վնասներ է կրել ադրբեջանական հրթիռների, կասետային ռումբերի հարվածներից, բնակչությունը՝ տեղահանվել։ «Քաղաքում ադրբեջանցիներն իրականացրել են պատերազմական հանցագործություններ»,- ասված է Բրբենքի քաղաքային խորհրդի փաստաթղթում։ «Հաշվի առնելով Հադրութի հայ քաղաքացիների տեղահանումը, Ադրբեջանի ավերիչ բռնարարքները և փաստը, որ Հադրութը գտնվում է ադրբեջանական տիրապետության տակ, մենք ընդառաջում ենք Հայ դատի հանձնախմբի՝ Բրբենքի մասնաճյուղի խնդրանքին և դադարեցնում Հադրութի հետ քույր-քաղաքների ծրագիրը»,- ասված է բանաձևում։
Ջեսս Թալամանթես (Բրբենքի փոխքաղաքապետ) - Դեռևս անցած հոկտեմբերին բանաձև ընդունեցինք՝ դատապարտելով ադրբեջանի ագրեսիան և կոչ արեցինք Սպիտակ տանը՝ միջամտել և պահանջել դադարեցնել վայրագությունն ու թշնամանքը։ Մենք մշտապես հայ համայնքի կողքին ենք և աջակցում ենք համայնքին հուզող խնդիրներում, ինչպես նախկին բազմաթիվ նախաձեռնություններով, այնպես էլ այս բանաձևով։
Ամերիկացի պաշտոնյաները փաստաթղթում նշել են նաև, որ մշտապես աջակցել են խոշորագույն հայ համայնքին, այդ թվում՝ ամեն տարի ճանաչելով և դատապարտելով Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությունը։
Բրբենքի քաղաքային խորհուրդը նաև զորակցություն է հայտնում ամերիկահայերին, որոնց ընտանիքի անդամները, ընկերները զոհ են գնացել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին։