Այսօր առավել քան երբևէ պետք է ակտիվացնենք մեր միջազգային համագործակցությունը և ներգրավվածությունը միջազգային հանրության հետ՝ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով մշակութային դիվանագիտության հանձնաժողովի ստեղծմանը:
«Այդ իմաստով՝ մշակույթը՝ որպես փափուկ ուժի գործոն, շատ կարևոր դերակատարում ունի, և այս հարթակի ստեղծմամբ մենք հայտ ենք ներկայացնում մշակույթը մեր դիվանագիտական զինանոցի կարևոր գործիք դարձնելու ուղղությամբ: Հայ ժողովուրդը, բոլորս հպարտությամբ ենք դիտարկում հազարամյակների քաղաքակրթական մեր ժառանգությունը, մեր մշակութային ժառանգությունը, մեր արվեստը մեր մշակույթը, որոնք դիվանագիտության միջոցով որոշ չափով պետք է դառնան մեր այցեքարտերից մեկը միջազգային հանրության հետ շփվելիս: Հայազգի արվեստագետները դարեր ի վեր ստեղծել և շարունակում են ստեղծել մնայուն արժեքներ, մշակութային կոթողներ և արվեստի գործեր, որոնք ունեն համամարդային նշանակություն: Մշակույթի միջոցով մենք ուզում ենք մեր դիվանագիտական աշխատանքում ձևավորվի, վերականգնվի Հայաստանի ընկալումը որպես տարածաշրջանում մշակույթի, կրթության գիտության կենտրոն: Մենք ունենք այդպիսի հարաբերական առավելություն. այդ գաղափարախոսությունն է դրված մեր այս հարթակի ստեղծման գործում»,- ասաց Այվազյանը: