Հայաստանը 2021 թվականի հունվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մոտ 20 տոկոսով ավելացրել է արտահանման ծավալները ԵԱՏՄ անդամ-երկրներ (19,3 տոկոս): Դեպի Ռուսաստան արտահանման ցուցանիշն ավելացել է 20,3 տոկոսով: Զգալի է նաև Ղազախստան արտահանման ծավալի տոկոսային աճը (24,8%): Դեպի Բելառուս հոսքը նվազել է (-27,4), իսկ Ղրղզստան այս տարվա հունվարին արտահանում ընդհանրապես չի իրականացվել:
Հատկանշական է, որ դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման կառուցվածքում նկատելի է «պանրի և կաթնաշոռի», «տոմատի մածուկի», «ծխախոտի», «ոգելից խմիչքների», «մրգերի և բանջարեղենի» մասնաբաժինը: Ազգային ժողովի պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հենց ապրանքային բազմազանությունն է առանձնակի կարևոր համարում:
Արտակ Մանուկյան (ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Շատ ոլորտներ կան, այսինքն՝ կախվածությունը մի ոլորտի աճից չէ, այլ շատ ոլորտներ կան, որոնք աճել են, և սա բերել է նրան, որ 2021 թվականի հունվարին մենք ունեցել ենք լավ թվեր ԵԱՏՄ-ի հետ:
Արտահանման ծավալների աճին նպաստել է նաև կառույցի որոշումը՝ վերացնել սակագնային արտոնությունները 76 երկրի, այդ թվում՝ Թուրքիայի և Չինաստանի համար: Դա հայկական արտադրանքին մրցակցային առավելություններ է տալիս ԵԱՏՄ տարածքում:
Մանուկյանը նաև նկատում է՝ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծումը մոտ 25 տոկոսով նվազել է: Նավթի և գազի մատակարարման ծավալները չեն նվազել, փոխարենը հայկական ընկերություններին հաջողվել է բավարարել որոշ ապրանքների պահանջարկը ներքին շուկայում:
Դրան զուգահեռ՝ զգալի է արտահանման ծավալների կորուստը դեպի Եվրոպական միության անդամ երկրներ՝ -36 տոկոս. դա առաջին հերթին պայմանավորված է մի շարք եվրոպական երկրներում շարունակվող լոքդաունով: Շաբաթներ առաջ ամբողջությամբ վավերացվեց Եվրամություն-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Եկել է ժամանակը, որ այս գործակցությունը կոնկրոտ բիզնես ծրագրերի տեսք ստանա,- նշում է Արտակ Մանուկյանը:
Արտակ Մանուկյան - «Հուլիս ամսին այդ պատվաստանյութերի ծավալը կմեծանա, և կարծես թե հնարավորություն կլինի, որ երկրները դուրս գան կորոնայի կապանքներից: Ներդրողները ձեռնպահ են մնացել, կուտակվել է, կա, կենսունակ ծրագրեր կներկայացնի»:
Սակայն մինչև դա կորոնավիրուսը շարունակում է վնասել Հայաստանի տնտեսությանը: Այս տարվա հունվարին արտահանման ընդհանուր ծավալը նվազել է 11,3 տոկոսով: Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխջյանը նշում է՝ արտահանողները դեռ շարունակում են զգալ համավարակի բացասական ազդեցությունը: Որպես օրինակ մատնանշում է այն բարդությունները, որոնք Վրաստանում են առաջանում:
Րաֆֆի Մխջյան (Հայաստանի արտահանողների միության նախագահ) - «Բավականին մեծ դժվարություն է առաջացել վարորդների համար, որ իրենք պետք է փորձեն բավականին արագ հատել»:
Լարսի անցակետը, իր հերթին, շարունակում է մեքենաների արագ տեղաշարժի խոչընդոտ մնալ: Եղանակային պայմանների պատճառով այնտեղ շարունակում են բեռնատարներ կուտակվել, ինչն ուղղակիորեն ազդում է արտահանման ծավալների վրա: