Թեև երեկ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ներկայացնելիս վարչապետը կրկին հայտարարել է, որ բանակը պետք է հեռու մնա քաղաքականությունից, այսօր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իշխանությանը մեղադրել է շտաբի պետի պաշտոնը քաղաքականացնելու համար: Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Օհանյանն արդարացրել է փետրվարի 25-ին քաղաքական հայտարարությամբ հանդես եկած ԶՈՒ շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանին:
Անդրադառնալով բանակում կատարված կադրային փոփոխություններին՝ Օհանյանը նշել է, որ բարձրաստիճան զինվորականներին աշխատանքից հեռացնելիս պետք է նախ ծառայողական քննություն իրականացնել: Ըստ նրա՝ իր կառավարման 8.5 տարիների ընթացքում հենց այդպես է եղել: Նա, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ որ կադրային փոփոխություններին է նախորդել ծառայողական քննություն:
«135 հոգի գնդապետից բարձր, նաև մինչև փոխնախարար աշխատանքից ազատվել են, մի զգալի մասը նաև՝ կոռուպցիոն ռիսկերի հետ կապված: Ես հարգում եմ իմ բոլոր ծառայակից ընկերներին, բայց նրանք, որոնք չեն հաջողել, ասել ենք պատճառները և տեղափոխել պաշտոնների, որտեղ կարող են ծառայությունը շարունակել»,- ասել է Օհանյանը: