Խորհրդարանը քննարկեց կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեությունը 6 ամսով երկարաձգելու որոշման նախագիծ:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանից հետաքրքրվեց, թե արտահերթ ընտրությունների գնալու պարագայում ի՞նչ է լինելու հանձնաժողովի ճակատագիրը, եթե առաջարկվում է 6 ամսով երկարաձգել գործունեությունը:
«Կարծում եմ, որ այն աշխատանքը, որ կատարվել է մինչ այս պահը, և այն հանգամանքը, որ մենք ակնկալում ենք կառավարության պատասխանները մինչև այս ամսվա վերջ, կարծում եմ, որ այս ուղղությամբ կձևավորվի բավականին լայնածավալ վերլուծական և կարևոր տեղեկատվություն՝ վերլուծելու և եզրահանգելու համար:
Նույնիսկ արտահերթ ընտրությունների գնալու պայմաններում, եթե քննիչ հանձնաժողովը հնարավորություն չունենա կատարել, ավարտել աշխատանքը, կատարված աշխատանքն ամենևին կորած չի լինելու, և լիահույս եմ, որ մյուս խորհրդարանի համար ևս կորոնավիրուսի հետ կապված հարցերի քննությունը կլինի օրակարգային և կարևոր ուղղություններից մեկը, և անպայմանորեն այն կարող է լիարժեքորեն օգտագործվել հաջորդ ԱԺ-ի համապատասխան քննիչ հանձնաժողովի աշխատանքներում»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով՝ տվյալները կարխիվացվեն և կփոխանցվեն հաջորդ ԱԺ-ին, եթե չհասցնեն ամբողջությամբ ավարտել աշխատանքը: