Գեղարքունիքի մարզի հանրակրթական երեք ուսումնական հաստատությունների հենքի վրա 2015 և 2017 թթ. «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ:
ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակում գրասենյակի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել վերոնշյալ նախակրթարաններ: Նրանք նախ այցելել են Ծովազարդի միջնակարգ դպրոց, որտեղ շրջել են խմբասենյակներով, ծանոթացել իրականացված աշխատանքներին ու երեխաների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին:
Տնօրենը ներկայացրել է նախակրթարանի ստեղծման և գործունեության ընթացքը, անդրադարձել հաղթահարված դժվարություններին ու առաջիկա անելիքներին: Նախակրթարանը ստեղծվել է 2017 թ.՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատության միջև կնքված դրամաշնորհային պայմանագրով: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են նաև Հայրավանքի և Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցներ, որտեղ ևս իրականացվել են միկրոծրագրեր:
Նշենք, որ երեք նախակրթարանները, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված է 5 տարեկան ավելի քան 20 երեխա, դրամաշնորհային ծրագրերի արդյունքում կահավորվել են ժամանակակից գույքով և սարքավորումներով, ապահովվել են մանկական գրականությամբ, ուսումնական նյութերով ու խաղալիքներով: Հաստատությունները լիցենզավորված են և բնականոն գործում են:
Երեք նախակրթարաններում էլ դաստիարակի աշխատանքներն իրականացնում են ծրագրի շրջանակում վերապատրաստված դաստիարակները: Նախակրթարաններում պահպանվում են ՀՀ առողջապահության նախարարության հաստատած սանիտարահիգիենիկ պահանջները:
Հավելենք, որ նախակրթարաններն ունեն հարմարեցված պայմաններ, և դրանցում կրթություն են ստանում նաև սահմանափակ հնարավորություններով երեխաներ: