2,5 տարի տևած դատական նիստերից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր հայտարարեց դատաքննության փուլ անցնելու մասին:
Այսօրվա դատական նիստի սկզբում ամբաստանյալներից սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը բացարկ հայտնեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին։ Դատարանը, սակայն, միջնորդությունը թողեց առանց քննության:
Ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգելու մասին: Նա առաջարկեց սպասել ՍԴ-ի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ որոշմանը: «Որովհետև ՍԴ-ն կարող է միջնորդություն ներկայացնել և 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչել»,- ասաց նա: Սակայն դատարանը միջնորդությունը թողեց առանց քննության: Դատավորը նաև սանկցիա կիրառեց ամբաստանյալներից նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ, քանի որ փաստաբանը չէր մասնակցել փետրվարի 23-ի նիստին:
Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ այլևս չի քննվել որևէ միջնորդություն, և անցնում են մեղադրական ճառի եզրափակիչ մասի ընթերցմանն ու դատաքննության փուլին։ Ի նշան բողոքի ամբաստանյալներից Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները լքեցին դատական նիստերի դահլիճը։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 30-ին: