Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Մարտի 18-ին հերթական դեպքը բացահայտել են ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները։
Քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Արարատի մարզի Ազատաշեն գյուղից, «ՎԱԶ-2107» մակնիշի իր մեքենայով հանդերձ, ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկել Սարդարապատ գյուղի 54-ամյա մի բնակչի:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է յուրհատուկ հոտով, չորացված, մանրացված կանեփանման զանգված։ Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից` իր օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: