Այսօր Մադրիդում տեղի է ունեցել Մոնսերատ Կաբալիեի «Հայաստան և Արցախ․ քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը, որին ներկա է եղել և ելույթով հանդես է եկել դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը՝ նշելով, որ միջոցառումը հնարավոր եղավ իրականացնել STARMUS փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանի և ՀՀ դեսպանության համագործակցությամբ։
«Հայաստան և Արցախ․ քրիստոնեության կղզյակ» ալբոմն աշխարհահռչակ երգչուհին ձայնագրել է 2013 թ․ Հայաստան և Արցախ կատարած իր այցելություններից հետո։ Մեր երկիր կատարած նրա այցելությունը նվիրված էր Հայաստանում քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին:
Միջոցառմանը ներկա Մոնսերատ Կաբալիեի դուստրը՝ սոպրանո Մոնսերատ Մարտին, ջերմությամբ է հիշել Հայաստան և Արցախ կատարած իրենց այցելությունները՝ նշելով, որ իր մայրը տպավորված էր հայկական մշակույթով և բազմադարյա վանական համալիրներով։ Միջոցառման բանախոսներից էր նաև հայտնի լրագրող Միգել Անխել Նիետոն, ով բոլոր ներկաներին կոչ է արել այցելել Հայաստան և բացահայտել առաջին քրիստոնյա երկրի գրավչությունները։