Բուժկենտրոնում ցուցանակն է նաև հուշում՝ կորոնավիրուսը դեռ չի նահանջում՝ չշրջանցելով նաև փոքրերին: Հայաստանում մեկ տարում ավելի քան 7500 երեխայի ախտորոշվել է քովիդ-19՝ վարակվածների մոտ 4,5 տոկոսը:
Սերգեյ Սարգսյան (ՀՀ ԱՆ մանկաբուժության հարցերով խորհրդատու) - Համապատասխանում է համաշխարհային միջիններին՝ տարբեր երկրներում այդ թիվը տատանվում է 1-10 տոկոս, դա կախված է այն ցուցումներից, որոնց դեպքում իրականացվում է ստուգումը:
Դրական է լինում նույնիսկ նորածինների կորոնաթեստի պատասխանը: Առողջապահության նախարարության մանկաբուժության հարցերով խորհրդատուն նշում է՝ ծննդատներում հաստատված վարակը, բարեբախտաբար, ծանր հետևանք չի առաջացրել:
Սերգեյ Սարգսյան - Կրծքի հասակի երեխաները, դպրոցականները կամ դեռահասները, նրանց մոտ այս կամ այն չափ հավասարաչափ բաժանված է քովիդով հիվանդների տեսակարար կշիռը:
Հայաստան կորոնայի ներթափանցումից անմիջապես հետո բացել, մինչև այժմ Քովիդ-19 բաժանմունքը չի փակել «Արաբկիր» բժշկական համալիրը: Մանկական բուժկենտրոնը մեկ տարում հոսպիտալացրել է միջին ծանրության և ծանր կլինիկական ընթացքով 550 երեխայի:
Ստելլա Սարգսյան («Արաբկիր» բժշկական համալիրի քովիդ-19 բաժանմունքի ղեկավար) - Մենք նկատում ենք, որ կրծքի հասակի երեխաները՝ մինչև մեկ տարեկան, կազմում են գերակշռող մեծամասնությունը, մոտ 36 տոկոս: Գերակշռող գանգատը հոսպիտալացված երեխաների մոտ տենդն է, մոտ 68 տոկոս դեպքերում:
Հայաստանում մեկ տարում գրանցվել է կորոնայով վարակված երեխայի մահվան մեկ դեպք: Երեխան ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություն: Ինչպես մեծահասակների, փոքրերի դեպքում ևս, կորոնավարակն անհամեմատ ծանր է ընթանում, երբ կան քրոնիկ հիվանդություններ:
Սերգեյ Սարգսյան - Քովիդի հետ կապված ամենածանր վիճակը բազմահամակարգային բորբոքային, կոչվում է կավասակի հիշեցնող հիվանդությունը, որը ծանր է, որը կարող է բերել հաշմանդամության զարգացմանը: Առաջին օրից ԱՆ-ն ձեռնամուխ եղավ թանկ դեղերի գնմանը: Դեպքերի մեծամասնությունն ունի բարեհաջող ընթացք:
Ստելլա Սարգսյան - Պրակտիկորեն դիտվում է երրորդ ալիքը, երեխաների մոտ երրորդ ալիքի առանձնահատկությունը՝ որպես այդպիսին, համապատասխանում է նախորդ երկու ալիքին, շնչառական համակարգի ախտահարումն է մի քիչ ավելի հաճախ: Ավելի շատ դեռահասային տարիքի մոտ թոքաբորբ է:
Մանկաբույժն արձանագրում է կարևորը՝ փոքրերը վարակի տարածման հիմնական աղբյուրը չեն: Այդ գործոնը հաշվի առնելով՝ առողջապահության նախարարությունը թույլ տվեց որոշ սահմանափակումներով վերաբացել դպրոցները: Եվրոպական շատ երկրներ ևս առաջնորդվել են այդ սկզբունքով, վերականգնել կրթական հաստատությունների աշխատանքը:
Սերգեյ Սարգսյան - Երբ որ կա սովորական գրիպի համավարակ, այլ շնչառական վիրուսների, երեխաներն են վարակի տարածման շարժիչ ուժը: Այս դեպքում երեխաները գլխավոր տարածողը չեն:
Իրավիճակն այս պահին վերահսկելի է՝ դպրոցները փակելու հորդոր առողջապահության համակարգը չունի: Նման տևական համավարակների դեպքում՝ առողջության հետ միասին կարևոր ու անհրաժեշտ է նաև երեխայի կրթության իրավունքի իրացումը: Հարցը շեշտել են նաև միջազգային քննարկմանը: Օնլայն դասերին անցում կարող է լինել վարակի շատ բարձր տարածվածության դեպքում: Առողջապահության նախարարության խորհրդատուն չի բացառում, բայց կրկնում է՝ նման որոշում չկա: