Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 5-7-ը Տաշքենդում՝ «Ուզէքսպոցենտր» ցուցահանդեսային համալիրում, կանցկացվի «ԻՆՆՈՊՐՈՄ․ Մեծ արդյունաբերական շաբաթ Ուզբեկստանում» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի նպատակն է Կենտրոնական Ասիայի երկրների հետ արդյունաբերական համագործակցության ընդլայնումը, արդյունաբերության զարգացման նոր կետերի բացահայտումը, գործարար կապերի հաստատումը և ամրապնդումը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը։
Ցուցահանդեսը կունենա մեքենաշինության, մետաղագործության, թեթև արդյունաբերության, էներգետիկայի, քիմիայի, դեղագործական և բժշկական արտադրանքի բաժիններ։
Ցուցահանդեսին իրենց արտադրանքը կներկայացնեն Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ֆրանսիայի, Բելառուսի, Ղազախստանի ինչպես խոշոր ընկերությունները, այնպես էլ միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչները:
Հայաստանի ընկերությունները նույնպես կարող են մասնակցել ցուցահանդեսին՝ ներկայացնելով իրենց արտադրանքը։
Ցուցահանդեսին մասնակցելու համար գրանցման մանրամասներին կարելի է ծանոթանալ հղումով:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ապրիլի 5-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կմասնակցի ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 3-րդ նիստի աշխատանքներին, ինչպես նաև կմասնակցի ցուցահանդեսի միջոցառումներին։