«Լիազորությունների վերագրումը ապակենտրոնացման բարեփոխումների գործընթացում՝ Հայաստանում և Վրաստանում» առցանց միջոցառմանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Վրաստանի Հանրապետության տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Մզիա Գիորգոբիանի մտքեր են փոխանակել երկու երկրներում տարվող ընդհանուր ապակենտրոնացման, լիազորությունների վերագրման և դրա հետ կապված ֆինանսական համահարթեցման գործընթացների շուրջ։
Միջոցառումը, որ կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, վարում էր ծրագրի տնօրեն, դոկտոր Քրիստոֆ Բայերը:
Երկուստեք կարևորվել է այս հարցերի շուրջ տարածաշրջանային փորձի փոխանակման, ինչպես նաև համագործակցության խթանման անհրաժեշտությունը։
Փոխնախարարները շնորհակալություն են հայտնել գործընկեր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը՝ քննարկումների նման հարթակի հնարավորության համար և հույս հայտնել, որ այս նախաձեռնությունը շարունակական կլինի։
ՏԿԵ փոխնախարար Վ․ Տերտերյանը նշել է, որ լիազորությունների վերագրումը ՏԻՄ-երին Հայաստանում դիտարկվել և դիտարկվում է որպես համակարգի զարգացմանն ուղղված կարևորագույն գործընթացներից մեկը։ Հանդիսանալով ապակենտրոնացման մեկնարկի լավագույն ձևը` այն նաև նպաստում է կենտրոնական իշխանության և ՏԻՄ-երի միջև հանրային կառավարման գործառույթների հստակ բաշխմանը, հատկապես եթե համակցվում է համապատասխան ֆինանսական միջոցների հայթայթման և ամրագրման հետ։
Նրա խոսքով՝ պետք է արձանագրել, որ չի կարող լինել արդյունավետ ապակենտրոնացում՝ առանց համայնքային եկամուտների հստակ աղբյուրների, հակառակ դեպքում ապակենտրոնացված լիազորությունները կամ ընդհանրապես չեն իրականացվի, կամ կիրականացվեն ոչ լիարժեք։ Ներկայումս Հայաստանը գտնվում է ՏԻՄ-երին փոխանցվող լիազորությունների սահմանման և ընտրության փուլում, և այս առումով ուսանելի կլինի Վրաստանի փորձը։