ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Էդիտ պրինտ» հրատարակչության միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որն ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և հրատարակչության նախագահ Մկրտիչ Կարապետյանը: Համագործակցությունն ուղղված է Հայաստանի ու սփյուռքի ուսուցիչների մանկավարժական որակների բարելավմանը և մասնագիտական որակավորման շարունակական բարձրացմանը:
Ջանքերի միավորման անհրաժեշտությունը պայմանավորված է ներկա փուլում կրթության առջև ծառացած գլոբալ մարտահրավերներով, Արցախյան երկրորդ պատերազմի և դրա հետևանքներով առաջացած կրթության արդիականացման պահանջով, ինչպես նաև հայեցի կրթության ու դաստիարակության կազմակերպման, ուսուցման նոր տեխնոլոգիաներին, ձևերին և մեթոդներին ուսուցիչների տիրապետման ու նրանց մասնագիտական զարգացման նոր մոտեցումների անհրաժեշտությամբ:
Հուշագրի կողմերը կհամագործակցեն ՀՀ և սփյուռքահայ ուսուցիչների մասնագիտական գիտելիքների ու կարողությունների շարունակական զարգացման ասպարեզում: Մասնավորապես, կանցկացվեն ուսուցիչների վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ, նրանց գիտելիքների հարստացմանը և նոր կարողությունների ու հմտությունների ձևավորմանն ուղղված ընթացիկ ու թեմատիկ կարճատև այլ միջոցառումներ՝ դասընթացների, գործնական պարապմունքների, սեմինարների և կլոր սեղանների տեսքով՝ ինչպես առկա, այնպես էլ հեռավար ձևաչափով:
Համագործակցության շրջանակում կմշակվեն ուսուցիչների մասնագիտական զարգացման նոր ծրագրեր, ուսումնական ու մեթոդական ձեռնարկներ, և համատեղ կիրականացվի դրանց փորձաքննությունը: Նախարարությունը և հրատարակչությունը կաջակցեն ՀՀ հանրակրթական դպրոցներին՝ մասնագիտական գրականության, ուսումնամեթոդական ձեռնարկների, ուսումնադիտողական պարագաների տրամադրման և ժամանակակից պահանջներով կահավորված ու տեխնիկական միջոցներով հագեցած լսարանների ձևավորման գործում:
Կողմերը համատեղ ջանքեր կգործադրեն սփյուռքի կրթական պահանջներին համապատասխան ուսումնական գրականության պաշարի ստեղծման ուղղությամբ՝ նոր ձեռնարկների, գրքերի ստեղծման կամ առկա գրականության արևելահայերենով (դասական ուղղագրությամբ) և արևմտահայերենով հրատարակման կամ թարգմանչական աշխատանքի միջոցով: Հատուկ ուշադրություն կդարձվի էլեկտրոնային դասերի նմուշ-օրինակների, էլեկտրոնային նյութերի, ուսումնաօժանդակ ձեռնարկների տրամադրման համար երկկողմանի պայմանների ստեղծմանը:
Նախարարությունը և հրատարակչությունը համատեղ կկազմակերպեն պետական և համահայկական մանկապատանեկան միջոցառումներ: 2020 թ.-ին իրագործված այդպիսի միջոցառումների համատեղ կազմակերպման փորձը լավ հիմք է հետագայում նոր համահայկական ծրագրերի իրագործման համար:
Հիշեցնենք, որ 2020 թ. «Էդիտ պրինտ» հրատարակչությունը ՀՀ ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ կազմակերպել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում «Հայրենագիտություն» առարկայից, ինչպես նաև Ընթերցանության համահայկական մրցույթը: