2021 թվականի մարտի 22-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկի ծառայողից ահազանգ է ստացվել այն մասին, որ մի քանի դատապարտյալ փորձում է մոտենալ ներքին արգելագոտուն: Ահազանգից անմիջապես հետո ծառայողները ներկայացել են նշված վայր, սակայն ոչ մեկի չեն հայտնաբերել, տեղազննությամբ ևս կասկածելի որևէ իր չի հայտնաբերվել:
Ավելի ուշ՝ ժամը 01:45-ի սահմաններում, զննության ենթարկելով դիտաշտարակների միջնամասում գտնվող տարածքը՝ ծառայողները հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 36,9 գրամ քաշով, առանձնացված 7 փաթեթ, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, 8,9 գրամ քաշով սև, մածուցիկ զանգված, կանեփի յուղ հիշեցնող, 4,5 գրամ և 3,1 գրամ մածուցիկ զանգվածներով 2 ապակյա սրվակ, 4 կաթոցիչ, 2 բջջային հեռախոս և USB լար:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։