Կորոնավիրուսի, պատերազմի, ինչպես նաև ամեն օր հնչող խուճապային հայտարարությունների հետևանքով Գորիսում և հարակից համայնքներում զբոսաշրջային բիզնեսով զբաղվող կազմակերպությունները հայտնվել են բարդ իրավիճակում՝ հայտարարել է Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանը և հավելել՝ երկու տարվա ընթացքում բիզնեսը մարզում 7 միլիարդ դրամի ներդրում է կատարել, բայց այսօր եկամուտ չունի:
Արմեն Խաչատրյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Մոտ 1 միլիարդ 600 դրամի կարգի վարկային միջոցներ կան ներգրավված, որոնք չեն կարողանում մարել:
Կառավարության աջակցությանն են սպասում նաև անհետ կորած և զոհված զինծառայողների այն հարազատները, որոնք ծանրաբեռնված են վարկերով և չեն կարողանում դրանք մարել: Պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հավաստմամբ՝ շատերը դիմել են բանկերին, խնդրել՝ չեղյալ հայտարարել դրանք, սակայն մերժվել են:
Սոֆիա Հովսեփյան, ՀՀ ԱԺ պատգամավոր - Այն ընտանիքները, որոնք դեռ անհետ կորած զինծառայող ունեն և մինչ օրս չեն հայտնաբերել իրենց զինվորների դին, այս մարդիկ ամեն օր հազարավոր տեղեր են գնում և մեծ ծախսեր ունեն: Որևէ մեկը չի կարող այս պահին վարկային պարտավորություններ կատարել:
Պատերազմի հետևանքների վերացումն ու Արցախի կարգավիճակի հարցը շարունակում են մնալ արտաքին քաղաքականության գերակայությունների շարքում՝ հայտարարել է «Իմ քայլից» Լիլիթ Ստեփանյանը: Նա ընդգծել է՝ պաշտոնական Բաքուն շարունակում է խախտել միջազգային նորմերը՝ հրաժարվելով Հայաստանին փոխանցել ռազմագերիներին: Ստեփանյանն ԱԺ ամբիոնից դիմել է միջազգային կառույցներին:
Արտահերթին առանձին ցուցակով են մասնակցելու. անկախ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հայտարարությունների ժամն օգտագործել է իրենց քաղաքական օրակարգը ներկայացնելու համար: Արտահերթ ընտրությունը լավ հնարավորություն է հանրությանը ծրագիր ներկայացնելու և անելիքների մասին խոսելու համար: Հունիսի 20-ին սպասվող ընտրությանը հենց այս դիտանկյունից է մոտենում «Իմ քայլից» Բաբկեն Թունյանը:
Բաբկեն Թունյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր - Պետք է ներկայացնել տեսլական: Արտահերթ ընտրությունները դրանով են կարևորվում:
7-րդ գումարման ԱԺ-ին քիչ ժամանակ է մնացել՝ նկատել է Թունյանն ու հորդորել՝ այս ընթացքում աշխատել համախմբված և արդյունավետ: