ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խորհրդարանին երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը:
Միաժամանակ քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ հետախուզական գործունեություն:
Կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան մասնագիտական պատրաստում անցած կադրերի ներգրավման եղանակով: Ընդ որում, կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքների և գործիքակազմի փոխանցումը չի կրելու մեխանիկական բնույթ: Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները, այդ թվում՝ ղեկավար կազմի, կատարվելու են բաց մրցույթի արդյունքում»,- ասաց Բադասյանը:
Բադասյանը նշեց, որ կոմիտեի ծառայողների համար, ի տարբերություն այլ քննչական մարմինների ծառայողների, սահմանված են առավել խիստ պահանջներ և սահմանափակումներ, ըստ այդմ՝ նախատեսված են գործունեության լրացուցիչ երաշխիքներ:
«Սա պայմանավորված է մի քանի հանգամանքով. նախ՝ կոմիտեն իրականացնում է կոռուպցիոն հանցագործությունների քննություն, որն ինքնըստինքյան ունի բարձր ռիսկայնություն, երկրորդ՝ կոմիտեի ծառայողների վարձատրությունը ուղղակիորեն հանդիսանում է վերջինիս անկախության և անկաշկանդ գործելու երաշխիքներից մեկը»,- ասաց Բադասյանը: