Վրաստանի հարցով Եվրախորհրդի ղեկավարի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը կվերադառնա Վրաստան՝ երկրի ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով բանակցությունները միջնորդելու համար: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Ամփոփվել են Վրաստանում Դանիելսոնի միջնորդությամբ ձեռք բերված առաջընթացի արդյունքները: Եկել է Վրաստանի քաղաքացիների շահերից բխող անհրաժեշտ փոխզիջումների ժամանակը: Միջնորդությունը շարունակելու նպատակով ԵՄ ներկայացուցիչը կվերադառնա Վրաստան»,- գրել է Շառլ Միշելը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է Եվրախորհրդի ղեկավարի որոշումը: «Սա հստակ նշան է, որ Եվրամիությունը ոչ մի տեղ չի հեռանում»,- նշել է Սալոմե Զուրաբիշվիլին: