«Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը» միասին նորից առաջարկում են հանել ռազմական դրությունը։ Նախագիծն այս անգամ լիագումարի օրակարգ է հասել։ Էդմոն Մարուքյանը վստահ է, եթե նախկինում իշխող ուժը մտավախություն ուներ, որ ռազմական դրությունը հանելուց հետո ԱԺ ընդդիմադիր թևը վարչապետին անվստահություն կհայտնի, հիմա դա էլ է անցյալում։ Արտահերթի գնալու կոնսեսուսն արդեն կա։
Մարուքյանը հիշեցրեց՝ պատերազմից հետո երկու անգամ իրենց նախաձեռնությունը տապալվել է, համոզված է՝ քաղաքական դրդապատճառներով։
Գլխադասային պաշտպանության հարցերի հանձնաժողովում այս հարցը թեև բացասական եզրակացություն է ստացել, այսօր հարակից զեկուցողը նշեց՝ կողմ է «Լուսավորի» առաջարկին։ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ սահմանային անվտանգության, հարևան երկու պետության համատեղ զորավարժությունների պատճառով է ռազմական դրությունը պահպանվել, իսկ նույն հանձնաժողովի նիստին ներկա պաշտպանության փոխնախարարն ասել էր՝ Կառավարությունը նախատեսում է մեկ շաբաթ, 10 օր հետո հանդես գալ նույն առաջարկով։
Արտահերթ ելույթով ամբիոնին մոտեցավ ԱԺ նախագահը՝ դիմեց դահլիճին, կոչ արեց կողմ քվեարկել։ Արարատ Միրզոյանը հերքեց կարծիքները, թե պատերազմից հետո արդեն 4 ամսից ավելի ռազմական դրության պահպանումը քաղաքական ենթատեքստ ունի, որպես ասվածի ապացույց մատնանշեց՝ Բաղրամյանի, Դեմիրճյանի վրանային ակցիան, ընդդիմության ցույցերը։ Նշեց՝ խորհրդարանական ուժերի միջև կա համերաշխություն քաղաքական ճգնաժամն արտահերթով հանգուցալուծելու ու այս նախագծի հարցում պետք է ընդառաջել ընդդիմությանը։
Կողմ քվերակելու առաջարկին միացավ ԲՀԿ-ն։ Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ պաթոսը դնում է մի կողմ, հարցին իրավական տեսանկյունից նայում՝ ռազմական դրության պայմաններում խորհրդարանի լուծարում սկսել չեն կարող։ Ընտրությունների թեմային անցնելով՝ արձանագրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից հանվել է Հայաստանի ընտրողների ցուցակը, դրա տեղում գրվել՝ տեխնիկական վերազինում։
Խորհրդարանն այսօր բարձրագույն կրթության մասին նոր օրենքն էլ քննարկեց։ Այն երկրորդ ընթեցման է բերվել փոփոխություններով, բայց որոշ պատգամավորներ փաստաթուղթը շարունակում են համարել բուհերին ինքնավարությունից զրկելու փորձ։ Հիմնականում՝ կենտրոնացան ռեկտորի պաշտոնի վրա։ Եթե նախագծի նախնական տարբերակում բուհի ղեկավարին նշանակելու էր նախարարը, ապա հիմա առաջարկվում է, որ ռեկտորին ընտրի խորհուրդը։ Կառավարման խորհրդի 9 անդամից 5-ին պետությունն է նշանակելու, ստացվում է՝ ռեկտորը կրկին պետության սրտով է լինելու՝ նկատեցին պատգամավորները։
Մինչև երկրորդ ընթերցման բերելը ԱԺ-ում ռեկտորների մասնակցությամբ մեծ, բովանդակային քննարկում է եղել՝ պատասխանեց ոլորտի ղեկավարը։ Նախագծի հիմքում որակյալ կրթության շեշտն է դրվել՝ պնդեց Վահան Դումանյանը։
Ամբիոնին մոտեցավ նաև գլխադասային հանձնաժողովի նախագահը։ Մխիթար Հայրապետյանը դիմեց նախագիծը քննադատողներին, նկատեց՝ այստեղ ամբիոնից խոսելը միգուցե Յութուբում ավելի շատ դիտումներ է ապահովում, քան գնալ հանձնաժողով, նստել, քննարկել հուզող հարցերը։
Առաջինից երկրորդ ընթերցում հաշվի են առնվել «Բարգավաճի», «Լուսավորի», նաև անկախ պատգամավորներից ստացած առաջարկները՝ նկատեց Հայրապետյանը: «Իմ քայլից» Հովհաննես Հովհաննիսյանն էլ շեշտեց՝ բացարձակ բոլորի միջև կոնսեսուս ապահովել չի ստացվել, բայց օրենքը բերվել է ընդունելի տեսքի։
ԱԺ փոխնախագահի հեղինակած ու մեծ աղմուկ բարձրացրած՝ զրպարտության և վիրավորանքի փոխհատուցման չափը խստացնող օրինագիծն էլ այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվեց։ Ալեն Սիմոնյանն ասաց՝ որոշվել է իջեցնել շեմերը՝ վիրավորանքի համար առաջարկվող 5 միլիոն դրամ տուգանքը դարձնել 3 միլիոն, իսկ զրպարտությանը մինչև 10 միլիոն դրամի փոխարեն 6 միլիոն։
Գլխադասային հանձնաժողովը թեև դրական եզրակացություն է տվել, գործադիրը շարունակում է այս շեմերը բարձր համարել, կարծում են՝ փոփոխությունից հետո էլ դրանք համաչափ չեն։
Խորհրդարանն այսօր քննարկեց նաև հահակոռուպցիոն կոմիտե ստեղծելու մասին օրենքը։ Արդարադատության նախարարի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում փոփոխություների արդյունքում որոշվել է՝ Հատուկ քննչական ծառայությունը կլուծարվի ու դրա գործառույթների մի մասը կանցնի նոր ստեղծվող կոմիտեին։
Օրակարգում նաև քրեական օրենսգրքի փոփոխության հարցն էր, բայց Ռուստամ Բադասյանը կոչ արեց դեմ քվերակել, որ հարցը վերադառնա առաջարկությունների փուլ, բացերը լրացվեն ու օրենսդիրի դատին դրվի արդեն հաջորդ քառօրային։