Գիժ մարտն ամբողջությամբ իր դերում է և դեռ կշարունակի։ Հայաստանում եղանակային վայրիվերումների պատճառը հյուսիսից ներթափանցող ցուրտ հոսանքն է։ Այսօրվանից ներթափանցող նոր ցիկլոնը կպահպանվի մինչև մարտի 25-ը։
Գագիկ Սուրենյան (ՇՄՆ հիդրոօդերևութաբանության մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ) - Բոլոր շրջաններում սպասվում են տեղումներ։ Բարձրլեռնային շրջաններում ձյուն կտեղա, նախալեռնային և հովտային հատվածներում՝ անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն բավականին ինտենսիվ։ Կուղեկցվեն ամպրոպներով, քամու ուժգնացում՝ մինչև 20-25 մետր վայրկյանում։
Տեղումները կդադարեն մարտի 26-ին։ 7-10 աստիճան ջերմաստիճանի կտրուկ անկումով տեղումներ կլինեն նաև մարտի 27-ին։ Չի բացառվում, որ Արարատյան դաշտում գիշերը գրանցվի 1-2 աստիճան ցուրտ։ Ծաղկած ծառերի ցրտահարություն չի սպասվում՝ այգետերերին հանգստացնում է Գագիկ Սուրենյանը։
Գագիկ Սուրենյան - Դա լինելու է շատ կարճատև՝ լուսադեմին, 1-2 աստիճան, բայց ասեմ՝ մեր փորձը ցույց է տվել, որ մինուս 1-ը ծիրանենուն առանձնապես լուրջ վնասներ չի հասցնում։
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարներում անցած տարվա համեմատ 74 միլիոն խորանարդ մետրով պակաս ջուր է ամբարված, սակայն դրանք դեռ կլցվեն։ Փոխարենը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Սևանը 15 սանտիմետրով բարձրացել է՝ ջրի հայելու նիշը կազմել է 1900 մ 60 սմ։ Գարնանային վարարումներ օդերևութաբանները դեռ սպասում են։ Լեռներում ձյուն շատ է եկել։
Լևոն Ազիզյան (ՇՄՆ հիդրոօդերևութաբանության մոնիթորինգի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար) - Հանրապետությունում այս տարի կանխատեսվում է նորմային մոտ ջրաբանական տարի։ Ջրաբանական լցվածությունը Մարմարիկի և Ազատի ջրամբարում կանխատեսվում է 100 տոկոս լցվածություն, Ախուրյանի ջրամբարում կանխատեսվում է 80-85 տոկոս լցվածություն, Արփիի լիճ ջրամբարում՝ 65-70 տոկոս, իսկ Ապարանի ջրամբարում՝ 55-60 տոկոս լցվածություն։ Ապրիլ-հունիսին կանխատեսվում է Սևանա լճի բարձրացում 37-42 սանտիմետրով, իսկ տարեկան կտրվածքով՝ 6-11 սմ բարձրացում։
Պայմանավորված Թուրքիայի ջրամբարաշինության ծրագրերով, ջրային ռեսուրսների խնդիր կա Արաքս-Ախուրյան հատվածում։ Արաքսի ջրային ռեսուրսները զգալի նվազել են՝ 30-40 տոկոսով։ Բացի այդ, 1994-ից սկսած նկատվում է ջերմաստիճանի բարձրացում, ինչն էլ բերում է ջրի գոլորշիացման։
Լևոն Ազիզյան - Ելնելով կլիմայական սցենարներից՝ մենք 2040 թ. ունենալու ենք ջրային ռեսուրսների նվազում նորմայի նկատմամբ մոտ 15 տոկոս, 2070 թ.՝ 20-25 տոկոս։
Ամռանը զրոյից բարձր 40 և ավելի ջերմաստիճանը Հայաստանի կլիմային բնորոշ չէ՝ վստահ է Գագիկ Սուրենյանը։ Հատկապես Երևանում 40-ից բարձր ջերմաստիճանը տևական է դարձել։
Գագիկ Սուրենյան - Մինչև 2000-ականները եթե վերլուծենք, տեսնում ենք, որ 40 աստիճանը 5 տարին մեկ անգամ է եղել, բայց 2000-ից մինչև օրս մենք տեսնում ենք, որ 15-20 օր ունենում ենք 40, 41 42 աստիճանի բարձրացում։
Ջրի խնայողություն է պետք՝ հորդորում են հիդրոօդերևութաբանները, քանի որ լեռնային աղբյուրների ջրատվությունը ևս նվազում է։