Առողջապահության նախարարությունը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է հոդված պատվաստանյութերի մշակման և տարածման մասին:
«ԱՀԿ-ի բացատրական նյութերից իմացե՛ք ավելին պատվաստանյութերի մասին՝ թե ինչպես են արտադրվում ու ներգործում, մինչև ապահով ու հավասար հասանելիություն»,- հայտնում են նախարարությունից:
Մանրէներն ամենուր են` ինչպես մեր շրջապատում, այնպես էլ մեր օրգանիզմում: Երբ ընկալունակ մարդը հանդիպում է ախտածին մանրէի, ապա դա կարող է բերել հիվանդության և նույնիսկ մահվան։
Մարդու օրգանիզմում կան հիվանդություն հարուցող միկրոօրգանիզմներից՝ ախտածնից (պաթոգեն), պաշտպանվելու բազմաթիվ եղանակներ: Մաշկը, լորձաթաղանթը և թարթիչները (օտար մասնիկները հեռացնող շնչառական ուղիների մակերեսային թարթչային շերտ) ծառայում են որպես ֆիզիկական պատնեշ՝ առաջին հերթին հարուցիչների մուտքը մեր օրգանիզմ ներթափանցելու համար:
Երբ հարուցիչն ախտահարում է օրգանիզմը, խթանվում են օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները, այսպես կոչված, իմունային համակարգը, որը հարձակվում և ոչնչացնում է հարուցիչը կամ էլ հաղթում դրան:
Օրգանիզմի բնական արձագանքը
Հարուցիչը մանրէ, վիրուս, մակաբույծ կամ սունկ է, որն օրգանիզմում կարող է առաջացնել հիվանդություն: Յուրաքանչյուր հարուցիչ բաղկացած է մի քանի մասնիկներից, որոնք սովորաբար բնորոշ են տվյալ հարուցչին և իր հարուցած հիվանդությանը: Հակամարմիններ առաջացնող հարուցչի մասնիկը կոչվում է հակածին (անտիգեն): Հարուցչի հակածնին ի պատասխան արտադրվող հակամարմիններն իմունային համակարգի կարևոր մասն են կազմում: Դրանք համարվում են մեր օրգանիզմի պաշտպանական համակարգի զինվորներ: Յուրաքանչյուր հակամարմին կամ զինվոր հրահանգավորված է ճանաչել կոնկրետ մեկ հակածնի: Մեր օրգանիզմում կան հազարավոր այլ հակամարմիններ: Երբ առաջին անգամ մարդու օրգանիզմը ենթարկվում է հակածնի ազդեցությանը, ժամանակ է պահանջվում, որ իմունային համակարգը արձագանքի և կոնկրետ այդ հակածնի նկատմամբ հակամարմիններ արտադրի:
Այդ ընթացքում անձը ընկալ է հարուցիչը և կարող է հիվանդանալ:
Տվյալ հակածնի նկատմամբ հատուկ հակամարմիններ արտադրելուց հետո հակամարմինները համագործակցում են իմունային համակարգի հետ, որպեսզի ոչնչացնեն հարուցչին և կասեցնեն հիվանդությունը: Մեկ հարուցչի նկատմամբ արտադրված հակամարմինները սովորաբար չեն պաշտպանում այլ հարուցչից, բացառությամբ, երբ երկու հարուցիչ չափազանց նման են, ինչպես զույգ եղբայրները: Երբ օրգանիզմն առաջին անգամ հանդիպած հարուցչի նկատմամբ հակամարմիններ է արտադրում, այն նաև ստեղծում է հակամարմիններ արտադրող հիշողության բջիջներ, որոնք մնում են կենդանի նույնիսկ այն դեպքում, երբ հակամարմինները ոչնչացնում են հարուցչին: Եթե օրգանիզմը մի քանի անգամ է հանդիպում նույն հարուցիչին, հակամարմիններն ավելի արագ ու արդյունավետ են արձագանքում, քան առաջին անգամ, քանի որ հիշողության բջիջներն արդեն պատրաստ են տվյալ հակածնի դեմ արտադրելու հակամարմիններ:
Սա նշանակում է, որ հետագայում, եթե մարդը հանդիպում է այդ վտանգավոր հարուցչին, ապա նրա իմունային համակարգը կարողանում է անմիջապես արձագանքել՝ պաշտպանելով մարդուն հիվանդությունից:
Ինչպե՞ս են օգնում պատվաստանյութերը
Պատվաստանյութերը պարունակում են կոնկրետ միկրոօրգանիզմի (հակածնի) թուլացած կամ ոչ ակտիվացված մասնիկներ, որոնք օրգանիզմում առաջացնում են իմունային պատասխան: Նոր պատվաստանյութերը պարունակում են հակածին արտադրելու ծրագիր, ոչ թե հակածին: Անկախ նրանից, թե պատվաստանյութը ստեղծված է հակածնից կամ նա պարունակում է հակածին արտադրելու ծրագիր, այդ թուլացված տարբերակը պատվաստվող մարդու մոտ չի առաջացնում հիվանդություն, սակայն կստիպի իմուն համակարգին արձագանքել այնպես, ինչպես կարձագանքեր տվյալ հարուցչին առաջին ներգործության ժամանակ:
Որոշ պատվաստանյութեր պահանջում են բազմակի դեղաչափերի ներմուծում`մի քանի շաբաթ կամ ամիս ընդմիջումներով: Սա երբեմն անհրաժեշտ է երկարակյաց համակարմիններ արտադրելու և հիշողության բջիջներ ձևավորելու համար: Այս կերպ կուտակելով հակածնի նկատմամբ հիշողություն, օրգանիզմը սովորում է պայքարել կոնկրետ հիվանդություն հարուցող միկրոօրգանիզմների դեմ, որպեսզի հակածնի ներգործության ժամանակ կարողանա արագ ոչնչացնել։
Հավաքական (կոլեկտիվ) իմունիտետ
Երբ մարդը պատվաստված է, հավանականությունը մեծ է, որ նա պաշտպանված է տվյալ հիվանդությունից: Սակայն, ոչ բոլորը կարող են պատվաստվել: Առողջական խնդիրներ ունեցող մարդիկ, որոնց իմուն համակարգը (օրինակ՝ քաղցկեղ կամ ՄԻԱՎ վարակ) թուլացած է կամ պատվաստանյութի որոշ բաղադրիչների հանդեպ ծանր ալերգիա ունեցողները, հնարավոր է չկարողանան ստանալ որոշ պատվաստումներ: Սակայն, այս անձինք կարող են պաշտպանված լինել այն դեպքում, եթե նրանք ապրում են պատվաստվածների միջավայրում: Երբ համայնքի բնակիչների մեծամասնությունը պատվաստված է, հարուցիչը դժվար է շրջանառվում, քանի որ համայնքի մարդկանց մեծամասնությունը նրա նկատմանբ ունի անընկալություն: Հետևաբար, որքան շատ մարդ է պատվաստված, այնքան քիչ հավանական է, որ մարդիկ, ովքեր չեն կարող պաշտպանվել պատվաստումներով, կենթարկվեն վնասակար հարուցիչների ազդեցությանը:
Սա կոչվում է կոլեկտիվ իմունիտետ, ինչը հատկապես կարևոր է այն մարդկանց համար, ովքեր ոչ միայն չեն կարող պատվաստվել, այլև կարող են ավելի ընկալունակ լինել այն հիվանդությունների նկատմամբ, որոնց դեմ ուղղված են պատվաստումները:
Ոչ մի պատվաստանյութ չի ապահովում 100% պաշտպանություն, և կոլեկտիվ իմունիտետը նույնպես չի ապահովում լիարժեք պաշտպանություն նրանց, ովքեր չեն կարող անվտանգ պատվաստվել։
Մինչդեռ կոլեկտիվ իմունիտետի պարագայում այդ մարդիկ էապես պաշտպանված կլինեն՝ իրենց շրջապատող պատվաստված անձանց շնորհիվ:
Պատվաստանյութերը պաշտպանում են ոչ միայն պատվաստված անձանց, այլև համայնքի այն բնակիչներին, ովքեր չեն կարող պատվաստվել:
Եթե Դուք չունեք հակացուցում, ապա պատվաստվե՛ք:
Պատմության ընթացքում մարդիկ հաջողությամբ ստեղծել են պատվաստանյութեր, կյանքի համար վտանգավոր մի շարք հիվանդությունների դեմ, այդ թվում՝ մենինգիտի, փայտացման, կարմրուկի և պոլիոմիելիտի դեմ:
1900-ականների սկզբին պոլիոմելիտը տարածված էր ամբողջ աշխարհում, հաշմանդամ դարձնելով հարյուր հազարավոր մարդկանց։ 1950-ականներին արդեն ստեղծվել էին երկու արդյունավետ պատվաստանյութ այդ հիվանդության դեմ։ Սակայն, աշխարհի որոշ երկրներում, մասնավորապես` Աֆրիկայում, պատվաստումները դեռևս բավականաչափ լայնորեն չէին կիրառվում, որպեսզի կանխեին պոլիոմիելիտը: 1980-ականներին սկիզբ դրվեց աշխարհում պոլիոմիելիտի արմատական վերացման գործընթացին։
Տասնամյակներ շարունակ բոլոր մայրցամաքներում իրականացվել են պոլիոմիելիտի դեմ պատվաստումներ՝ ինչպես պլանային, այնպես էլ` զանգվածային արշավների տեսքով: Պատվաստվել են միլիոնավոր մարդիկ։
2020 թվականի օգոստոսին Աֆրիկա մայրցամաքը ստացել է վայրի պոլիովիրուսից ազատ կարգավիճակի հավաստագիր՝ միանալով աշխարհին, բացի Պակիստանից և Աֆղանստանից, որտեղ պոլիոմիելիտը դեռ չի վերացել։