ԱԺ-ում քննարկվեց կորոնավիրուսի հարցերով հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարացնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը:
Քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի խոսքով՝ հանձնաժողովն անցած երկու ամիսների ընթացքում բավական ծավալուն աշխատանք է իրականացրել բոլոր ուղղություններով՝ լայնածավալ ուսումնասիրություններ իրականացնելու, փորձագետների հետ քննարկումներ ունենալու ուղղությամբ:
«Հանձնաժողովի կողմից կատարվել է 10 հարցում՝ 333 հարցով: Այդ հարցերից 2-ն ուղղվել են կառավարությանը՝ դրանք հասցեագրելով 10 նախարարությունների, Կառավարության ենթակա 5 մարմինների և վարչապետին ենթակա 2 մարմինների: Հարցումներ են ուղղվել անկախ մի շարք մարմինների, մասնավորապես՝ Կենտրոնական բանկ, Դատախազություն, Հաշվեքննիչ պալատ, ՄԻՊ գրասենյակ, համահայկական հիմնադրամ: Բոլոր հարցումներն իրենց պատասխաններով, ստացված ընթացիկ պատասխանները բոլորը հրապարակված են քննիչ հանձնաժողովի պաշտոնական կայքում»,- ասաց Խաչատրյանը:
Կառավարության կողմից առաջարկվել է ողջամիտ ժամկետ համապարփակ, ամբողջական պատասխաններ ներկայացնելու համար մինչև սույն թվականի մարտի 30-ը:
«Տրամաբանական ավարտին հանձնաժողովի աշխատանքները հասցնելու համար անհրաժեշտ է լիազորությունների ժամկետի երկարաձգում: Հանձնաժողովն այս առաջարկությամբ հանդես է գալիս և ներկայացնում սույն որոշման նախագիծը: Այն ընդունվելու պարագայում լիազորությունների ժամկետը կերկարաձգվի այս որոշման ընդունման պահից 6 ամիս ժամկետով»,- ասաց Խաչատրյանը: